Այս այցելության և հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս Բրյուսելում՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Մակրոնի հանդիպման ժամանակ: Սա ծրագրված այցելություն է: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
« Օրակարգը բավականին լայն է: Մակրոնն էլ ժամանելու է Հայաստան պետական այցով, դա հանդիպումների բարձրագույն մակարդակն է, ինչը վկայում է երկու երկրների միջև բարձր մակարդակով հարաբերություններ լինելու մասին»,- ասաց նա:
Հարցին, թե ում է հայկական կողմը տեղյակ պահել վերջին օրերին Տավուշում Ադրբեջանի կողմից արձակված կրակի մասին ԱԳՆ խոսնակը պատասխանեց.
«Ադրբեջանի կողմից կոպտագույն խախտման վերաբերյալ առաջին հերթին տեղյակ են պահվում ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները, արտգործնախարարները, դեսպանները, համանախագահները, նրանց հետ մեկտեղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Բայց ստիպված ենք արձանագրել, որ դրանք շարունակական բնույթ են կրում, ինչը ուղիղ հետևանք է ադրբեջանական կողմի շարունակական՝ արդեն երկու տարի շարունակվող ապակառուցողական կեցվածքի. նա մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները, մասնավորապես ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի ընդլայնման և շփման գծում՝ Հայաստանի հետ սահմանում, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ»,- ասաց Բալայանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն այս պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին բոլոր հրապարակային և ոչ հրապարակային հանդիպումներում խոսում է: Նկատեց նաև, որ այդ պայմանավորվածության կատարումը ոչ միայն Հայաստանի քմահաճույքն է, այլև դրա վրա շեշտը դնում են ՀՀ-ին գործընկեր երկրները և ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները, այլ նաև՝ այլ կարևոր միջազգային կառույցները: «Գիտեք՝ միջազգային հարաբերություններում ընդունված չէ մի հարցի շուրջ պայմանավորվածություն ունենալ և դա չանել: Սակայն Ադրբեջանի ոճը տարիներ շարունակ այդպիսին է, և ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների մասով, ոչ միայն Ղարաբաղյան հիմնախնդրի մասով: Սա արդեն բնավորության հարց է»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը՝ հիշատակեց, որ Զոհրաբ Մնացականն է ասել, որ կա հանդիպման մասին պայմանավորվածություն, սակայն դրա ժամկետների մասին հայտարարելը պետք է լինի համաձայնեցված կերպով: Իսկ հարցին, թե արդյոք նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, նա պատասխանեց, որ այս պահին նման բան նախատեսված չէ:
Տիգրան Բալայանը նաև նշեց, որ այսօրվանից արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին:
«Ցեղասպանության կանխարգելման և պատժման ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկմանը, որ կկայանա վաղը, նախարարը հանդես կգա բացման խոսքով»,- ասաց նա: Նա նաև ներկայացրեց, որ այս օրերին Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կառույցի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր բացելու են Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների ֆորումը, որին մասնակցում են ֆրանկոֆոն երկրների շուրջ 200 հասարակական կազմակերպությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը