03 09 2018

Հարցեր՝ Նիկոլ Փաշինյանի պատասխաններից հետո

Հարցեր՝ Նիկոլ Փաշինյանի պատասխաններից հետո

Սեպտեմբերի 2-ին երեկոյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ուղիղ եթերում էր: Նա պատասխանում էր օգտատերերի հարցերին: Այս անգամ վարչապետը հարցերն ընտրել էր իր օգնականների օգնությամբ: Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ձևաչափը իր համար շատ կարևոր է, որովհետև սա հնարավորություն է անմիջական շփվել մարդկանց հետ, լսել և պատասխանել նրանց հուզող հարցերին ամեն շաբաթյա ռեժիմով: Ասել է թե՝ հնարավորություն է իրավիճակին լավ տիրապետելու համար:

Էլեկտրաէներգիայի սակագին, աղբահանության խնդիրներ, Հայաստան-Արցախ ռոումինգ, գիտության զարգացման տեսլական, Շանթ Հարությունյանին ազատություն շնորհելու մեխանիզմներ, հայ-ռուսական հարաբերություններ, Գերմանիայի կանցլեր Մերկելի այցի ամփոփում, սեպտեմբերի 23-ին սպասվող ավագանու ընտրություններ: Գրեթե մեկ ու կես ժամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այս հարցերի շուրջ, նշեց կառավարության և իր տեսլականները:

Մեծ հաշվով, պատասխաները բարի ցանկությունների շարքից էին՝ «պետք է անել, պետք է աշխատել, պետք է շտկել ու բարելավել», ավաղ, որևէ կոնկրետ արդյունք այդպես էլ չնշվեց: Դժվար է ասել, թե որքան բավարարված մնացին հարցերի հեղինակները, բայց այլ հարց է ծագում՝ արդյո՞ք անցած շաբաթվա ընթացքում սրանք էին հիմնական, առաջնային, մեծ հետաքրքրություն ներկայացնող, այսպես ասենք՝ թոփ թեմաները:

Վերջին շրջանում օրեցօր մասշատաբային դարձող թանկացումներ, փողոցային ապօրինի առևտրի անվերահսկելիություն, քաղաքական դաշտում նոր զարգացումներ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձություններ: Հետաքրքիր է՝ այս ամենը չէ՞ին մտահոգում մեր քաղաքացիներին, որոնց մասին նրանք ամենօրյա ռեժիմով խոսում են, կարծիք հայտնում, կառավարության մոտ բողոքի ակցիաներ կազմակերպում: Այս հարցերը չկա՞յին, թե վարչապետի օգնականների ճաշակո՞վ չէին: Գուցե սրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ ըստ մոնիթորինգային տվյալների՝ եթե հուլիս ամսին վարչապետի ուղիղ եթերներրը դիտում էր 700 հազարից ավելի օգտատեր, լայքում՝ 59 հազար, իսկ տարածում 8 հազար օգտատեր, ապա օգսոստոսին՝ դիտողների թիվը կիսով չափ կրճատվել է՝ համապատասխանաբար դիտել են 298.000, լայքել 21.000 և տարածել՝ 2900 օգտատեր: Իսկ վերջին ուղիղ եթերը դիտել են 120 հազար մարդ, որոնցից լայքել է 11.000, իսկ տարածել՝ 1500-ը: Ասել է թե՝ ֆեյսբուքահայությունն այլևս «Նիկոլ Փաշինյան լայվ» չի դիտում:

Հավանաբար Նիկոլ Փաշինյանը ևս սա գիտակցում է, որովհետև ուղիղ եթերի վերջում ակնարկեց, որ կարծում է, որ ձևաչափը փոփոխելու կարիք կա, պետք է այլ բան մտածել: Իսկ գուցե մարդիկ չեն դիտում կամ չեն բարձրաձայնում իրենց խնդիրների մասին, որովհետև կոնկրետ գործողությունների են սպասում: Կամ գուցե երբ տեսնում է, որ, օրինակ, մեջբերում եմ՝ «հերիքա ընտրություններից խոսեք, բացի ԱԱԾ-ից ուրիշ աշխատող չկա՞, ինչու սայլը տեղից չի շարժվում, սոցիալական խնդիրները ե՞րբ են լուծվելու, գազը ե՞րբ է էժանանալու» հարցերը անտեսվում են, հասկանում է, որ դրանց վերաբերյալ վարչապետը ուղղակի պատասխան չունի: Այս համատեքստում շատ ընկալելի են դառնում օգտատերերի հետևյալ հեգնող և անլուրջ գրառումները՝ «Սաշիկի 50 տոկսները բաժանեք ժողովրդին, Դուխով սուպերմարկետ բացեք, որ գնումներ անենք, Օպերայում դեռ բանանի մենաշնորհ կա, զբաղվեք այդ հարցով»:

Վարչապետն ասում է՝ հարցերը շատ են, չեմ կարող պատասխանել: Այո, իսկապես հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, որոնք բնավ սպառիչ չեն և արդեն ամեն ուղիղ եթերից հետո կամ շատանալու են կամ սպառվելու՝ լուծումներ չակնկալելու պատճառով:

 

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ