29 08 2018

«Ռենկո»-ն և Հ2 հեռուստաընկերությունը հերքում են Քոչարյան ընտանիքի հետ կապը, և Stefano Ricci-ն՝ հաստատում

«Ռենկո»-ն և Հ2 հեռուստաընկերությունը հերքում են Քոչարյան ընտանիքի հետ կապը, և Stefano Ricci-ն՝ հաստատում

Համաձայն տարբեր տարիներ ի վեր շրջանառվող հրապարակումների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի են պատկանում մի շարք հայտնի մասնավոր ընկերություններ: Նրանց թվում էին «Ռենկո» ընկերությունը, Stefano Ricci ապրանքային նշանի Հայաստան ներկրումը, «Հ2» հեռուստաընկերությունը:

«Ռենկո ՍպԱ» խմբի լիազորված անձ Քրիստիան Կուկուռակին հայտնում է. «Պարոն Ռոբերտ Քոչարյանը և/կամ նրա ընտանիքի որևէ անդամ, և/կամ իրեն առնչվող որևէ մարդ և/կամ իրավաբանական անձ երբևէ չեն հանդիսացել և չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում և/կամ այլ երկրում «Ռենկո ՍպԱ» Խմբի որևէ ընկերության բաժնետեր:

Հայկական երկրորդ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Կարեն Հակոբյանը հայտնում է. «Ռոբերտ Քոչարյանը կամ նրա ընտանիքի անդամները Հայկական երկրորդ հեռուստաալիքում չունեն և չեն ունեցել բաժնետոմսեր»:

Միաժամանակ, «ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ տնօրեն Իրինա Հարությունյանը հայտնում է. «ԳՐԻՏՏԻ» ՍՊ ընկրությունը հանդիսանում է Stefano Ricci ապրանքային նշանի օգտագործման միակ իրավատերը Հայաստանի Հանրապետությունում ֆրանչայզինգային իրավունքի շրջանակներում:

Սեդրակ Քոչարյանը հանդիսանում է «ԳՐԻՏՏԻ» ՍՊ ընկրության համասեփականատեր, որի մասին առկա է տեղեկատվության Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պաշտոնական կայքում»:

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանելու մասին լուրերը հերքել են «Կոնվերս բանկ», «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ», «Յունիբանկ» ՓԲԸ-ները, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը», «Գոլդեն Փելիս» և «Էրեբունի» հյուրանոցները, «ՎիվաՍել-ՄՏՍ» «Նաիրի» բժշկական կենտրոն, «Ղարաբաղ Տելեկոմ», «Ռոբերտո» կոշիկների ցանց, «Արարատցեմենտ», «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ընկերությունները:

Միաժամանակ, լուրերը հաստատել են «Կապուտակ Սևան» ընկերությունը՝ 50 տոկոս բաժնեմասով և «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն՝ 30 տոկոս բաժնեմասով:

Փաստացի, օգոստոսի 29-ի դրությամբ, 16 ընկերություն պաշտոնապես հերքել է Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանելու մասին լուրերը, հաստատել՝ երեքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ