28 08 2018

4 հերքում և երկու հաստատում. Ո՞ր բիզնեսի հետ կապ չունի և որի՞ հետ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը

4 հերքում և երկու հաստատում. Ո՞ր բիզնեսի հետ կապ չունի և որի՞ հետ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը

Համաձայն տարբեր տարիներ ի վեր շրջանառվող հրապարակումների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի են պատկանում մի շարք հայտնի մասնավոր ընկերություններ, որոնց թվում կան խոշոր բանկեր: Տեղեկատվությունը մինչ այս հերքել էր «Յունի» բանկը: Մենք ստացել ենք հերքում երեք այլ բանկից ևս:

Եվ այսպես,

««Կոնվերս բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը հայտնում է, որ բանկի բաժնետերերն են «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն, ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Բանկի 95 տոկոս բաժնեմասի վերջնական շահառուն՝ առաջին երկու ընկերությունների միջոցով, հանդիսանում է Էդուարդո Էռնեկյանը»:

Բանկը հաստատում է, որ Ռոբերտ Քոչարյանը, նրա ընտանիքի անդամները և հարազատներն ուղղակի և անուղղակի որևէ մասնակցություն երբևէ չեն ունեցել և չունեն Կոնվերս Բանկ ՓԲԸ-ում:

 

«Արդշինբանկ» ՓԲԸ մամլո ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ ոչ´ Ռոբերտ Քոչարյանը, ոչ´ էլ նրա հետ փոխկապակցված անձինք երբևէ չեն հանդիսացել Արդշինբանկի բաժնետոմսերի սեփականատեր: Վերոնշյալ տեղեկատվությունը հաստատելու համար Բանկը պատրաստ է ներկայացնել Բանկի բաժնետերերի վերաբերյալ համապատասխան տեղեկանք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից:

Բաժնետերերի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև միջազգային աուդիտորական ընկերությունների կողմից հաստատված Բանկի գործունեության մասին հաշվետվությունները հրապարակային են և տեղադրված են բանկի պաշտոնական կայքէջում:

«Լինելով ֆինանսաբանկային համակարգում խոշորագույն հարկատուներից մեկը՝ Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին»,- նամակն ամփոփում է բանկը:

 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը հայտնում է.

«Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, Բելլա Լևոնի Քոչարյանը, Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը, Գայանե Ռոբերտի Քոչարյանը, Լևոն Ռոբերտի Քոչարյանը կամ Քոչարյանի ընտանիքի մոտ հարազատները չեն հանդիսանում և երբևիցե չեն հանդիսացել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի բաժնետերեր: Պաշտոնապես հերքում եմ մամուլով շրջանառվող Ձեր կողմից նշված լուրերի մասին տեղեկատվությունը: Միաժամանակ հայտնում եմ, որ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միակ բաժնետեր է հանդիսանում Վիտալի Սարգսի Գրիգորյանցը»:

 

Հիշեցնենք, որ մինչ այս հերքումներ ենք ստացել տասնյակ այլ ընկերությունների կողմից ևս, որոնց մի մասն արդեն հրապարակել ենք:

 

Հերքում ենք ստացել նաև «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ից: Ընկերության տնօրեն Ղ.Խաչատրյանը հայտնում է. «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն զբաղվում է տարբեր ապրանքանիշերի ապրանքների վաճառքով, որոնց ցանկում են նաև Emporio Armani-ն (Emporio Armani-ն ապրանքանիշ է, ոչ թե խանութների ցանց):

«ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ի հիմնադիր և միակ մասնակիցն է Ղուկաս Խաչատրյանը, ով որևէ ազգակցական կապ չունի ՀՀ որևէ պետական պաշտոնյայի հետ (և ներկայիչս, և նախկին): Այլ անձ չի հանդիսանում «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ի բաժնետեր»:

 

Միաժամանակ, երկու ընկերություն հաստատում է Բիզնես առնչությունը Քոչարյան ընտանիքի հետ:

Մասնավորապես,  «Կապուտակ Սևան» ընկերությունը հայտնում է, որ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը 2010թ. հունվարի 25-ից հանդիսանում է «Արթ Բիլդ» ՍՊԸ 50 տոկոս բաժնետեր:

«ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն հայտնում է, որ 2006 թվականից սկսած՝ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը հանդիսանում է ՍՊԸ-ի բաժնետեր՝ 30 տոկոս մասնաբաժնով:

 

Փաստացի, օգոստոսի 28-ի դրությամբ, 14 ընկերություն պաշտոնապես հերքել է Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանելու մասին լուրերը, հաստատել՝ երկուսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ