25 08 2018

Իրականացնելու ենք մինչև օրս եղած լավագույն ընտրությունները. Վալերիյ Օսիպյան

Իրականացնելու ենք մինչև օրս եղած լավագույն ընտրությունները. Վալերիյ Օսիպյան

Կադրային փոփոխությունները մեր համակարգում միշտ էլ եղել են և կլինեն: Միգուցե բացթողումներ կան այնտեղ: Չենք բացառում, որ նա անցնի մեկ այլ աշխատանքի: Այս մասին օգոստոսի 25-ին ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ոստիկանապետը Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով Երևանի ոստիկանապետի պաշտոնից Արտակ Պողոսյանի ազատելու իր որոշմանը:

Անդրադառնալով սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Օսիպյանը նշեց, որ իրականացնելու են մինչև օրս եղած լավագույն ընտրությունները.

«Երևանի հարյուրավոր տեղամասերում ունենք ոստիկանության ծառայողներ և հասարակական խորհրդի անդամների անկողմնակալ կարծիքը որևէ միջադեպի վերաբերյալ շատ կարևոր է: Ընդ որում, ոչ միայն ոստիկանների անգործության կամ հակաիրավական գործողությունների, այլ նաև ոստիկանի նկատմամբ անհարգալից կամ անօրինական քայլերի առումով, որոնք ևս չեն բացառվում: Իմ տարիների փորձը թույլ է տալիս պնդել, որ այս ընտրություններին չեն լինելու ընտրակաշառքներ, իսկ նորամուծությունն այն է լինելու, որ մենք բարեխիղճ ենք ծառայելու»,-հայտարարեց ոստիկանապետը:

Նա չբացառեց, որ նախկինում եղել են ընտրակաշառքներ, որոնց մասին լրագրողները նաև տեսանյութեր են հրապարակել. «Այս անգամ ես կոչ եմ անում մեզ օգնել, եթե նման բաներ լինեն: Կարող են ընտրակաշառքի այլ տեխնոլոգիաներ ընտրվեն, ոչ թե բացահայտ առձեռն գումար բաժանեն, բայց ոստիկանությունը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին: Ցանկացած տեխնոլոգիայի ոստիկանությունը տիրապետում է և վերահսկելու է»,-ընդգծեց ՀՀ ոստիկանապետը:

Նրա խոսքով, որքան մոտ է կանգնած ոստիկանությունը հասարակական ինստիտուտներին, այնքան արդյունավետ է գործում:

«Մեզ համար արդեն նկատելի է դրական իմաստով հասարակության վերաբերմունքի փոփոխության և վստահության աճի դիմանիկան ոստիկանության նկատմամբ: 2018-ի երկրորդ եռամսյակում ոստիկանության ստորաբաժանումներին ստացված հաղորդումների թիվը առաջին եռամսյակի համեմատությամբ, երբ արձանագրվել էր 33 753 հաղորդում, աճել է 12 578-ով կամ 37,3 տոկոսով՝ կազմելով 46 313 հաղորդում: Այս աճը ոչ թե հանցավորության աճի հետ է կապված, այլ մեր օգնությանը դիմելու աճի ցուցանիշն է»,-մանրամասնեց Վալեիյ Օսիպյանը:

Նա հավելեց, որ նմանատիպ պատկեր է նաև ոստիկանությունում ստացված բողոք-դիմումների ուղղությամբ. երկրորդ եռամսյակում դրանք աժել են շուրջ 44,1 տոկոսով՝ հասնելով 2378-ի:

Ոստիկանապետի խոսքով՝ ոստիկանությունում շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային զսպող համակարգ.

«Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք այն կիրառել նաև մեզ մոտ: Այդ երկրներում բալային համակարգը կիրառելով՝ մահվան դեպքերը կտրուկ նվազել են: Վարորդը պետք է գիտակցի, որ բալերը կորցնելու դեպքում կարող է կորցնել վարորդական իրավունքը: Մենք ուսումնասիրել ենք նաև ոչ սթափ վիճակում ղեկին հայտնվելու նախագծի մեջ անգամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- նշեց ոստիկանապետը:

Ինչ վերաբերում է ՊՊԾ գունդը գրաված անձանց կալանքից ազատվելու հարցին, ոստիկանապետը նշեց. «Ընթանում է դատաքննություն, և դրա արդյունքում ամեն ինչ պարզ կլինի, քանի  որ Հայաստանում արդարադատությունը իրականացնում է դատական համակարգը, և հույս ունեմ, որ այն ճիշտ որոշում կկայացնի: Սակայն ինձ համար իմ գործընկերների արյունը և կյանքը թանկ են, և ես դա ոչնչով չեմ փոխի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ