Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 16-ին ներկայացրել են համատեղ ծրագրերը: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշել է, 1-12-րդ դասարանցիների համար նախատեսված աբոնեմենտային համակարգը վերագործակվում է: Այն թույլ կտա բոլոր աշակերտներին ամբողջ ուսումնական տարվա ընթացքում 3 մշակութային հաստատություն անվճար այցելել:
«Կարող են այցելել թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ, համերգասրահներ: Կարևոր ենք համարում 30 տարի անց աբոնեմենտային ծրագրի վերագործարկումը, որովհետև մեր քաղաքականության մեջ է մտնում երկու ոլորտների զուգակցումը՝ այդպիսով նպաստելով տվյալ ոլորտների խթանմանը»,- ասել է Մակունցը:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ ծրագրի անհրաժեշտության մասին հայտնել են դեռևս ընդդիմություն եղած ժամանակ:
«Մշակույթի նախարարության հետ այս ծրագիրը ներկայացնում ենք պիլոտային ռեժիմով, որպեսզի հասկանանք` մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ կառաջանան, դրանք լուծենք, հաջորդ տարի կատարելագործենք»,-նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ մոտ 350 հազար աշակերտ կարող է ծրագրի շահառու դառնալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը