ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, որոնք փաստում են քաղաքացիների և զորակոչային մարմինների հետ հանձնաժողովի արդյունավետ համագործակցության մասին։
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Ստացված 142 դիմում-բողոքից ընթացք է տրվել 80-ին, որից 74-ը հասցեագրվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովին՝ անդրադառնալով զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման հարցերին։ Հանձնաժողովի առաջարկություններից և նկատառումներից ելնելով 27 զորակոչիկ ուղեգրվել են լրացուցիչ և ստուգիչ հետազոտությունների, 2-ը՝ վիրահատության, վերագնահատվել են 10 զորակոչիկի առողջական վիճակն արտացոլող հետազոտական տվյալները։ Արդյունքում՝ վերանայվել է զինծառայության պիտանելիության վերաբերյալ 28 եզրակացություն, 10 զորակոչիկ ճանաչվել են զինծառայությանը ոչ պիտանի, 1-ը՝ ժամանակավորապես ոչ պիտանի, 17-ին տրվել է տարկետում մինչև 1 տարի ժամկետով՝ բուժման նպատակով։
Եվս 10 զորակոչիկի վերաբերյալ կայացվել են լրացուցիչ փորձաքննական եզրակացություններ, որոնցով սահմանափակվել է նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը զինվորական ծառայության ընթացքում։
Հանձնաժողովն ընթացք է տվել նաև 3 պարտադիր ժամկետային զինծառայողի վերաբերյալ դիմում-բողոքի, որոնց լուծումը վերահսկվում է հասարակական խորհրդի կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը