09 08 2018

Նախարարը խիստ դժգոհ է Հյուսիս-Հարավի աշխատանքների ժամկետներից

Նախարարը խիստ դժգոհ է Հյուսիս-Հարավի աշխատանքների ժամկետներից

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի (տրանշ-3) ճանապարհահատվածներում շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ղեկավարության ու ինժեներական թիմի հետ։

Անդրադառնալով ներկա իրավիճակին` նախարարը խիստ դժգոհություն է հայտնել իրականացվող աշխատանքների ժամկետների վերաբերյալ։ Խնդիրն այն է, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել որոշակի մեթոդների փոփոխությամբ արագացնել շինարարության տեմպերը, և առաջարկը հնչել էր հենց կապալառու ընկերության կողմից։

Հանդիպման ընթացքում «Սինոհիդրո»-յի ներկայացուցիչները նշել են, որ դեռ իրականացվում են այդ առաջարկի փաստաթղթային ձևակերպման գործընթացները։ Աշոտ Հակոբյանն ընդգծել է, որ դա աշխատանքների ձգձգման արդարացում չէ, և հասարակությունն ակնկալում է տեսնել ոչ թե փաստաթղթային ձևակերպումներ, այլ իրականացվող շինարարություն։

Նախարարը հանձնարարել է արագացնել ձևակերպումների գործընթացը։ Որոշվել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Աշոտ Հակոբյանը կմեկնի շինտեղամաս` տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին`ակնկալելով, որ մինչ այդ բոլոր փաստաթղթային խնդիրները լուծված կլինեն և կատարվող աշխատանքի ծավալն ու տեմպը կկրկնապատկվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ