Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում ընդդեմ «Հյուսիս–հարավ» ճանապարհի կառուցման. նրանք նշում են, թե ճանապարհի նախագիծը խոչընդոտներ է ստեղծում իրենց անվտանգության համար:
Բնակիչները պետությանն են վաճառել նաև իրենց պատկանող ավտոտնակները, սակայն նշում են, որ խնդիրը ոչ թե ավտոտնակներն են այլ երեխաների անվտանգությունը. «Ոչ ոք թող չմտածի, թե մենք ավտոտնակի կռիվ ենք անում, մենք մեր ճանապարհի անվտանգության և հարմարավետության հարցն ենք քննարկում: Էստեղ մեր երեխաներն են խաղում»,-ասաց բնակիչներից մեկը՝ նշելով, որ դեմ չեն լինի նաև, եթե տարածքը կանաչապատեն, պուրակ կառուցեն:
«Մենք ոչ թե դեմ ենք ճանապարհի կառուցմանը, այլ ասում ենք, որ մեր թաղամասի ելքային ճանապարհ մնում է միայն մեկը: Այժմ ունենք երեք մուտք, երեք ելք. նախագծով տալիս են չորս մուտք, մեկ ելք: Նույնիսկ ոչ աշխատանքային ժամին հնարավոր չէ այդ մի ելքից դուրս գալ»,-ընդգծեց ակցիայի մեկ այլ մասնակից:
Բնակիչներն ասացին նաև, որ ավտոճանապարհը պետք է նվազագույնը 12 մետր հեռավորություն ունենա բազմաբնակարան շենքի մուտքից, բայց իրենց խոսքով՝ ըստ նախագծի՝ այդպես չէ:
Մինչ քաղաքացիները դժգոհում էին, այստեղ ժամանեց շինարարական տեխնիկան և սկսեցին քանդել ավտոտնակները: Քաղաքացիներից մեկը նշեց, որ ավտոտնակի հետ կապված պայմանագիրը ստորագրելիս դրա պայմաններին չի ծանոթացել, իրեն փոխհատուցել են մոտ 3 000 000 դրամ՝ ավտոտնակի համար, մինչդեռ պետք է տրամադրեին նաև 600 000 դրամ, քանի որ ավտոտնակը նաև որպես արհեստանոց է ծառայել:
«Մի քանի անգամ դիմել եմ փոխհատուցման համար, բայց չեն պատասխանել: Թույլ չեմ տալու՝ քանդեն ավտոտնակը, մինչև գումարը չփոխհատուցեն»,-նշեց բնակիչը:
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց. «ավտոտնակներն իրենց են, թող քանդեն, բայց ճանապարհը չի կառուցվելու, բնակիչները դեմ են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը