Կալիֆոռնիայի հյուսիսում բռնկված անտառային հրդեհներն այնքան են ընդլայնվել իրենց սահմաններով, որ դարձել են նահանգի պատմության մեջ ամենախոշորը: Այս մասին տեղեկանում ենք «Мир 24»-ից, որը վկայակոչում է nbcnews.com կայքը:
Oգոստոսի 7-ի տվյալներով՝ հրդեհների մակերեսը կազմում է 283,000 ակր: Հրդեհների հետևանքով մահացել է 7 մարդ, ոչնչացվել ավելի քան 1.000 շինություն: Նահանգային իշխանությունները հաղորդել են, որ վտանգի տակ է ևս 11.000 շինություն:
Տարհանված մարդկանց թիվն ավելի քան 30.000 է: Հրդեհները սկսվել են հուլիսի 27-ից և մեծ արագությամբ տարածվել տապի և քամոտ եղանակի պատճառով: Կրակի դեմ պայքարում է 4.000 հրշեջ: Նախագահ Դոնալդ Թրամփը մոլեգնող անտառային հրդեհները «խոշոր աղետ» է անվանել և հանձնարարել դաշնային օգնության հիմնադրամից միջոցներ հատկացնել տուժած շրջաններին:
Ավելի վաղ Կալիֆոռնիայում ամենախոշոր հրդեհ էր համարվում 2017 թվականի դեկտեմբերին Վենտուրա շրջանում բռնկված հրդեհը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը