Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը աղբահանության և սանմաքրման աշխատանքների ուղղությամբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վերջին շրջանում «Սանիթեք» ընկերության աշխատանքը գնահատելով խիստ անբավարար, իսկ աղբահանության գործընթացի կարգավորումը անհետաձգելի, Կամո Արեյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստագույն հսկողություն սահմանել «Սանիթեք» ընկերության աշխատանքի նկատմամբ՝ բացառելով մայրաքաղաքում աղբի կուտակումները:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Արեյանին զեկուցվել է, որ չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված նախորդ շաբաթ կազմվել է 7 վարչական արձանագրություն:
Պատասխանատուներին հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը մասնավորապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ՝ օրինախախտներին ենթարկելով վարչական պատասխանատվության: Բացի այդ, հանձնարարվել է շարունակել շինարարական ընկերություններին և շինաղբ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներին իրազեկել մայրաքաղաքում գործող շինարարական աղբի համար նախատեսված աղբավայրի մասին՝ նրանց ուղղորդելով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասին հարող նախկին բազալտի հանքավայրի տարածքում ստեղծված և բացառապես շինարարական աղբը թափելու համար նախատեսված աղբավայր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը