02 08 2018

Զորամասում հայտնաբերվել է շուրջ 10 000 անորակ վարտիք. ՊՆ

Զորամասում հայտնաբերվել է շուրջ 10 000 անորակ վարտիք. ՊՆ

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանք­ների շրջանակներում N զորամասում հայտնաբերվել են զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէ զինծառայողներին: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ 

Նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նմանատիպ վարտիքների խմբաքանակ դեռևս 2017 թվականին փորձ է արվել մատակարարել Պաշտպանության նախարարություն, սակայն ակնհայտ ցածրորակության պատճառով այն չի ընդունվել և վերադարձվել է մատակարար ընկերությանը:Այդուհանդերձ, նախաձեռնված ստուգումների արդյունքում այս պահին արդեն իսկ հայտնաբերվել է շուրջ 10000 անորակ վարտիք։

ՀՀ պաշտպանության նախարարի խիստ հանձնարարականի համաձայն՝ զինված ուժերում այժմ ակտիվ ուսումնասիրություններ են ընթանում զորամասերում անորակ վարտիքների հայտնվելու հանգամանքները պարզելու, մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Ընթանում է նախաքննություն, նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործի հարուցման համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ