27 07 2018

«Զինվորի բաժին» մակնշմամբ արտադրանքը ծածկված է եղել կրկնապիտակով

«Զինվորի բաժին» մակնշմամբ արտադրանքը ծածկված է եղել կրկնապիտակով

Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերհսկողության շրջանակներում իրացման ցանցում հայտնաբերվել է կրկնակի պիտակավորմամբ տավարի պահածոյացված շոգեխաշած միս: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՊԾ-ից:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առաջին մակնշումը` տպագրված հենց թիթեղյա տարայի վրա, պարունակել է «Զինվորի բաժին» վաճառքի ենթակա չէ» գրառումը, ինչը եղել է ծածկված երկրորդ` թղթե պիտակի միջոցով: Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տարայի պարունակությունը համապատասխանում է երկրորդ մակնշման բաղադրությանը՝ իրացվել է շոգեխաշած միս:

Հարկ է նշել, որ երկու պիտակների վրա էլ նշված է միևնույն արտադրողի անունը` «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ» ՍՊԸ: Պարզվել է, որ ընկերությունն արտադրանք է թողարկում ինչպես ՊՆ, այնպես էլ իրացման ցանցի համար, և, համաձայն տնտեսվարողի բացատրության, տեղի է ունեցել թյուրիմացություն՝ աշխատակիցների անփութության պատճառով: Այդկերպ փորձ է արվել շրջանառությունից դուրս բերել ավելացած տարաները: Արտադրողին տրվել է արտադրանքի հետկանչի կարգադրագիր և խախտումները վերացնելու հանձնարարական: Արտադրողը խմբաքանակը հետ է կանչել իրացման ցանցից:

Հավելենք, որ ուսումնասիրության պահին ընկերությունում արտադրական գործընթաց չի եղել և, համաձայն տնտեսվարողի բացատրությունների, արտադրությունը չի գործում ավելի քան երկու ամիս: Հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տնտեսվարողի կողմից ներկայացված բացատրությունների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի պաշտպանության նախարարությանը:

Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին կրկնապիտակի կամայական օգտագործման դեպք նկատելիս (անկախ այն հանգամանքից, թե ինչ տեղեկատվություն է թաքցված) ահազանգել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Թեժ գծին» (010)20-60-40 կամ (012)90-60-90 շուրջօրյա հեռախոսահամարներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ