Սևանա լճի «ծաղկելու» և ջրիմուռների տարածման այն ծավալները և մասշտաբները, որ կան, իսկապես շատ մտահոգիչ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը՝ տեղեկացնելով, որ շրջայց է կատարել Սևանա լճում՝ լճի ծաղկման հետ կապված իրավիճակին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով։
«Նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը ջրի փորձանմուշներ է վերցրել և երկուշաբթի կլինեն պատասխանները, որից էլ հետևություններ կանենք»,- գրել է Գնել Սանոսյանը:
Փոխնախարարը եղավ նաև Սևանա լճում տեղակայված իշխանի բազմացման ցանցային տնտեսությունում, որտեղից էլ վերցրեց ձկների կերերի նմուշներ, որպեսզի լաբորատոր հետազոտություններից հետո պարզ դառնա, թե այդ տնտեսությունը արդյոք ունի ազդեցություն այս պրոցեսի վրա։
«Մեկ բան հստակ է, Սևանա լճի նման մասշտաբով ծաղկումը ունի մի շարք պատճառներ, որոնց մեջ գերակշռում են մարդկային գործոնները (Գետերով լիճ թափվող կոյուղաջրեր, կենցաղային աղբ, ջրի մակարդակի անընդհատ փոփոխություններ, ջրի տակ մնացող հատվածների ոչ պատշաճ մաքրման աշխատանքներ, հարակից հողահանդակներում օգտագործվող ազոտական ֆոսֆորական պարարտանյութեր ևայլն)։
Վերջին շաբաթներին դիտվող բարձր ջերմաստիճանը և վերը թվարկված գործոնները ստեղծում ենք նպաստավոր պայմաններ ջրիմուռների աճման համար։ Սևանը յուրաքանչյուրիս օգնության կարիքն ունի, և դա առաջին հերթին պայմանավորված է Սևանա լճում ու նրա շրջակայքում մեր վարքով։ Սևանը սիրել ու պահպանելը պարտադիր է»,- նշել է փոխնախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը