20 07 2018

Զգալիորեն ավելացել է ԶՈւ վերաբերյալ չհիմնավորված տեղեկատվությունը. ԳՇ պետ

Զգալիորեն ավելացել է ԶՈւ վերաբերյալ չհիմնավորված տեղեկատվությունը. ԳՇ պետ

Վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության և ռացիոնալության որևէ տարր չպարունակող: Այս մասին ասվում է ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հայտարարությունում։

«Այսպիսի հրապարակումներով նախևառաջ թիրախավորվում են զինված ուժերի հրամանատարական կազմը, սպաների հեղինակությունն ու վարքականոնը, փորձ է արվում որպես իրողություն ներկայացնել, որ ժամկետային պարտադիր զինծառայողների հանդեպ վատ վերաբերմունք է դրսևորվում, տարաբնույթ նպատակներով դրամական բավարարման գումարներն են հավաքվում, իրային և պարենային բավարարումները լիարժեք չեն հասցվում, սոցիալ-կենցաղային պայմաններն անբավարար են և այլն:

Այս ամենը ոչ միայն է բարոյալքող ազդեցություն է ունենում հայրենյաց եզերքի անվտանգության ու անձեռնմխելիության ապահովման առաքելությունն իրականացնող զինված ուժերի անձնակազմի վրա, այլև, հաճախ, հասարակայնության շրջանում անհարկի, երբեմն նաև ոչ տրամանաբանական, շահարկումների տեղիք տալիս, որն այսօր, առավել քան երբևէ անհրաժեշտ է նախաձեռնած արմատական փոփոխություններն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար՝ ի շահ մեր պետության անվտագության ու կայունության մակարդակի բարձրացմանը: Կողմնակից ենք առողջ և կառուցողական քննադատությանը, այն դիտելով որպես առաջընթացի ապահովման կարևոր գործոն:

Հաշվի առնելով, որ զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո, պատրաստակամություն ենք հայտնում ցանկության (դիմելու) դեպքում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում (զորամասում կամ մարտական դիրքում) զինված ուժերի առօրյային և գործունեությանն անմիջականորեն ծանոթանալու համար:

Միաժամանակ ակնկալում եմ յուրաքանչյուր հրապարակման վերաբերյալ իրավապահ մարմինների արագ արձագանքումն ու գործուն միջոցների ձեռնարկմամբ՝ հրապարակային անդրադարձը: Վերստին վստահեցնում եմ, որ զինված ուժերը՝ հավատարիմ մնալով ու անշեղորեն իրականացնելով իրենց սահմանադրական առաքելությունը, հետայսու էլ օպերատիվ արձագանքելու և անհաշտ պայքար են մղելու անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ, որում ակնկալում ենք նաև հասարակության գործուն աջակցությունը»,-ասվում է հայտարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ