17 07 2018

Նոր հրաժարականներ Կոտայքի մարզում

Նոր հրաժարականներ Կոտայքի մարզում

Կոտայքի մարզում հրաժարականները շարունակվում են: Հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը: Հուլիսի 17-ին համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:

Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը:

Հիշեցնենք, որ նորանշանակ մարզպետի պաշտոնավարումից շուրջ մեկ ամիս անց հրաժարական ներկայացրեց Հրազդանի քաղաքապետը, հետո էլ հերթն անցավ գյուղական համայնքների ղեկավարներինն: Իրար հետևից հրաժարականի դիմումներ ներկայացրեցին Հրազդանի տարածաշրջանի Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը, Արզական գյուղի վարչական ղեկավար Նորիկ Մովսեսյանը, Ակունք համայնքի Նոր գյուղ վարչական միավորի ղեկավար Գրիշա Թադևոսյանը, Գեղաշենի գյուղապետ Արմեն Հովհաննիսյանը:

Եվ սա դեռ ամենը ամենը չէ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը անդրադառնալով հրաժարականներին, նշել էր, որ չի բացառվում, որ առաջիկայում մարզի գյուղապետերի մեծ մասը, որոնք մեկ կամ մեկուկես տասնամյակից ավել ղեկավարում են, հրաժարական տան, քանի որ արդյունավետ չեն կառավարել: Նա նաև նշել էր, որ որևէ մեկին չի հորդորում, նույնիսկ սահմանադրական լիազորությունների մեջ չի մտնում որոշում կայացնել համայնքների վարչական ղեկավարների հետ աշխատելու նպատակահարմարությունը կամ իրենց աշխատանքը գնահատելը: Պարզապես այն ղեկավարները, որոնք իրենց որդեգրած դինամիկ շարժին չեն դիմանում և նոր թիմում չեն տեսնում, նախընտրում են հեռանալ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ