13 07 2018

Զորակոչի վերաբերյալ արդեն 80 դիմում-բողոք կա. հասարակական խորհրդի նախագահ

Զորակոչի վերաբերյալ արդեն 80 դիմում-բողոք կա. հասարակական խորհրդի նախագահ

«Այս զորակոչը կարելի է անվանել նորարարական, փորձարարական: Զորակոչը և ծառայության առաջիկա 6 ամիսները կլինեն փորձարկումների շրջան»,- ամառային զորակոչի մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Հարությունյանը խոսեց այս զորակոչի բնույթից, օրենքի որոշ դրույթների փոփոխություններից և քաղաքացիներից ստացած դիմում-բողոքներից:

Օրենքի որոշ դրույթներ, որոնք գործի են դրվում այս զորակոչից, հիմնականում վերաբերում են զոհվածի ընտանիքի միակ զավակի ծառայության, դպրոցը չավարտած և դեռ 19-ը չլրացած դպրոցականների, տարածքային կարգավորումների, զորակոչիկների առողջության հարցերին:

Օրինակ՝ զոհվածի ընտանքի միակ զավակի ծառայության կարգը վերանայվել և նորից ուժի մեջ է մտել: Չափանիշներ են փոխվել նաև որոշակի հիվանդությունների հետ կապված: Չորս հիվանդություն կա, որոնց առկայության դեպքում զորակոչիկները այս զորակոչից սկսած չեն ազատվում ծառայությունից: Այդ հիվանդությունների շարքում են գիշերամիզությունը, թերսնուցումը: Այս դեպքում կիրառվելու է հեշտացված ծառայություն: Չնայած բանախոսն ինքն էլ վերապահում ունի այս հարցում, բայց, կարծում է՝ նախկին նախարարի կամքի արտացոլումն է եղել, որ այս խմբի զորակոչիկները թեթև ծառայեն, բայց հագնեն զինվորական համազգեստ:

Հասարակության կողմից ևս դժգոհություններ կան. «Չնայած մեր ջանքերին՝ մենք ունենք դժգոհություններ և վրիպումներ այս գործընթացում»,- նշեց Հարությունյանը: Կան հարցեր, որոնց դեպքում Առողջապահության նախարարությունը կարևոր անելիք ունի:

Հարությունյանի խոսքով, արդեն իսկ 80 դիմում-բողոք կա, որից 70-ը քննարկվելէ, մյուսները կքննարկվեն: Դիմումները հիմնականում վերաբերում են զինակոչիկների առողջության հարցերին:

«Հասարակությունը լավ չի ընդունել փոփոխությունները»,- նշում է Գեղամ Հարությունյանը՝ ավելացնելով, սակայն, որ այս շրջանին կարելի է վերաբերել որպես փորձարկումների շրջան՝ չբացառելով նոր փոփոխությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ