18-ից 24 տարեկան ամեն երրորդ ռուսը (31%) երկրից հեռանալու ցանկություն է հայտնել: Այս մասին հաղորդել է Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը:
Ամեն չորրորդ հարցվածն (26%) արդեն իսկ հարազատներ կամ ծանոթներ ունի, ովքեր վերջին տարիներին արտագաղթել են: «Նրանց թվում, ովքեր վերջին 2-3 տարիներին ճամփորդել են զբոսաշրջության նպատակով, երկիրը լքելու ցանկություն է հայտնել 46 տոկոսը»,- նշում է կենտրոնը:
Մշտական բնակություն հաստատելու հարցում ռուսներին հետաքրքրում են Գերմանիան, ԱՄՆ-ն և Իսպանիան:
Երկրից հեռանալ ցանկացողների թիվը 2011 թվականից ի վեր գրեթե անփոփոխ է մնացել՝ 10% (տարիքային բոլոր խմբերի թվում): Բավականին իջել է նրանց թիվը, ովքեր, բացի ցանկությունից, ունեն հայրենիքին հրաժեշտ տալու կոնկրետ ծրագրեր մեկ կամ երկու տարվա ընթացքում: Այս ցուցանիշը 17-ից հասել է 10%-ի: Միաժամանակ ռուսները սկսել են ավելի բծախնդրորեն մոտենալ մշտական բնակության համար նոր երկրի ընտրությանը և տեղափոխության պատրաստությանը:
Ավելի վաղ՝ ապրիլին, հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը լքել և այլ երկրում աշխատանքի անցնել է ցանկանում հարցված երիտասարդ ռուսների կեսը: Որպես այս ցանկության իրականացումը սահամափակող գործոններ նշվում էր երկրորդ կեսի և երեխաների առկայությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը