ԱՊՀ երկրներից Ռուսաստան արտագաղթած քաղաքացիներն իրենց եկամուտների 40%-ն ուղարկում են հայրենիք: Հայաստանից ՌԴ աշխատանքի մեկնած քաղաքացիների բանկային փոխանցումերի ծավալի ցուցանիշն ԱՊՀ երկրների շարքում 4-րդն է: Այս մասին են վկայում Ֆինանսական հետազոտությունների ազգային գործակալության ուսումնասիրության տվյալները, որոնք ներկայացնում է РИА Новости-ն:
Իրենց հայրենի երկիր գումար ուղարկողների մեծ մասը 24-ից 40 տարեկան, միջին մասնագիտական կրթություն ունեցող տղամարդիկ են: Ռուսաստանի Դաշնությունում նրանք աշխատում են շինարարության, առևտրի, կոմունալ տնտեսության ոլորտներում: Հարցվածների կեսն ունի բանկային քարտեր, նրանցից շատերն աշխատավարձը, սակայն, ստանում են առձեռն:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից Տաջիկստան դրամական փոխանցումների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, աճել է 15.1%-ով:
Այսպես, Տաջիկստանի քաղաքացիները Ռուսաստանից 487 միլիոն դոլար են ուղարկել հայրենիք: ԱՊՀ երկրների թվում Տաջիկստանն այս ցուցանիշով զբաղեցնում է միայն երկրորդ հորիզոնականը, առաջատարն Ուզբեկստանն է: Այս երկրի քաղաքացիները նույն ժամանակահատվածում Ռուսաստանից հայրենիք են ուղարկել 726 միլիոն դոլար:
Կատարված բանկային փոխանցումների ծավալով երրորդ հորիզոնականում է Ղրղզստանը՝ 435 միլիոն դոլար ցուցանիշով, չորրորդ հորիզոնականում Հայաստանն է՝ 209 միլիոն դոլարով: Ադրբեջանցիներն իրենց երկիր են ուղարկել 191 միլիոն դոլար, իսկ ուկրաինացի ներգաղթյալները՝ 158 միլիոն դոլար: Ռուսաստանից Ղազախստան փոխանցվել է 143 միլիոն դոլար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը