Արդեն մի քանի օր է, ինչ հայկական տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ «Վերին Լարս» հսկիչ անցակետում: «Վերին Լարսը» չի կարողանում կառավարել ռուս–վրացական սահմանն անցնել ցանկացողների հոսքը։ Հուլիսի 4–ին սահմանին կուտակվել էր մոտ 200 բեռնատար։ Տրանսպորտի նախարարության մամուլի բաժնից օրեր առաջ արձագանքնել էին, որ խնդիրը վրացական սահմանին ներդրվող տոմսեր պատվիրող նոր էլեկտրոնային համակարգի` մաքսային ընթացակարգի անցնելու հետ է կապված։
Հայ վարորդները, սակայն, պնդում են, որ հայկական մեքենաներին ավելի քիչ են թողնում, քան վրացականին, գործում է խտրական մոտեցում։ Ի պատասխան Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հորդորել է խուճապի չմատնվել: Դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են տերմինալի ղեկավարության հետ։ Վրացի պաշտոնյաները հավաստիացրել են, որ հերթերը գոյացել են ոչ միայն հայկական, այլ նաև վրացական տրանսպորտային միջոցների համար։
Իսկ ահա Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը Լարսում ստեղծված հերթը պայմանավորում է հանգստի սեզոնով: Նա կոչ է անում ծանթոներին ու բարեկամներին տեղեկացնել հերթի մասին:
«Ժողովուրդ ջան, եթե ունեք ծանոթ բարեկամներ, որոնք պատրաստվում են ցամաքային ճանապարհով՝ Լարսով, ժամանել Հայաստան, ապա զգուշացրեք հերթի գոյության մասին:
Այս պահին ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ է, մեկ մեքենայի անցանելիությունը (եթե հայտնվել է հերթի վերջում) 5 ժամ: Վրացական կողմից հերթի երկարությունը 2 կմ է, անցանելիությունը մոտ 1.5 ժամ:
Հ.Գ. հերթը պայմանավորված է տուրիստական սեզոնի հետ, հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնում են Բաթումի հանգստանալու»,- գրել է փոխնախարարը ֆեյսբուքյան իր էջում:
Նա կոչ է անում խնդիրների դեպքում զանգահարել տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում գործում է թեժ գիծ՝ (010) 59-01-04:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը