Կայացավ Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի վերջին նիստը: Այն վարում էր փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Հարցին, թե ինչու Տարոն Մարգարյանը չի մասնակցում նիստին, փոխքաղաքապետն ասաց, որ առողջական խնդիրներ ունի:
Օրակարգը հաստատելուց հետո ավագանու քննարկմանը ներկայացվեց Եվրոպական Միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը միանալու վերաբերյալ որոշման նախագիծը: Ներկայացնելով նախագիծը՝ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը մասնավորապես նշեց, որ Եվրոպական Միության այս նոր նախաձեռնությունը գործարկվել է 2017թ. հունվարին «Արևելյան գործընկերության» շրջանակում, որի հիմնական նպատակն է աջակցել գործընկերության երկրների համայնքներին և նրանց ղեկավարներին՝ դառնալու տեղական մակարդակում տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնող՝ սեփական կարողությունների, տեխնիկական հմտությունների զարգացման և մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ճանապարհով: Երևանի ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ներկայացված նախագծին:
Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի վերջին նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացան ավագանու անդամների հավանությանը: Դրանք վերաբերում էին բնակարանների սեփականության վկայականների տրամադրմանը 5 ընտանիքների:
Ավագանին ավարտեց աշխատանքը և գնաց արձակուրդ: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը