10 06 2018

«Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել մյանմացի Չո Լա Աունը

«Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել մյանմացի Չո Լա Աունը

Ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին և հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների համար։

Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում հունիսի 10-ին՝ արևածագին, Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում:

«Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության վերապրողների անունից`ի երախտագիտություն նրանց փրկողների։ Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածությունների ցանկից։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը Չո Լա Աունի մասին դրվատանքի իր խոսքում ասել է.

«Հիշելով, թե Ցեղասպանության ընթացքում բռնի տեղահանության ճանապարհներին հայերը և հատկապես կանայք ու երեխաներն ինչպիսի սարսափների ու վայրագությունների են ենթարկվել, մենք մեծագույն պատասխանատվությամբ այժմ ոտքի ենք կանգնել՝ աջակցելու Չո Լա Աունի մարդապաշտպան գործին, որը մի օր հանգեցնելու է նրան, որ գործի դրվեն պետական և միջազգային օրենքներ՝ կոչված պաշտպանելու մարդկանց խոցելի խմբերին։ Սեփական կյանքի համար մեծագույն սպառնալիքի պայմաններում Չո Լա Աունն անում է վիթխարի աշխատանք՝ օրինակ դառնալով այն հեռահար ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անհատը՝ սկիզբ դնելով մեծ շարժման և օգնելով մարդկանց վերափոխելու իրենց կյանքը»։

Որպես «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չո Լա Աունն ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև, ինչպես նաև նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ մրցանակի 1,000,000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրությամբ նվիրաբերելու է երեք միջազգային կազմակերպությունների, որոնք Մյանմայում բժշկական օգնություն և օժանդակություն են տրամադրում փախստականներին.

Չո Լա Աունը տասնամյակներ շարունակ մեծ նվիրումով գործել է՝ իրավապաշտպանի իր հմտություններն ի սպաս դնելով քաղաքացիությունից զրկված ռոհինջա ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների համար մղած պայքարին։ Նրա նվիրումը Մյանմայի կառավարության կողմից հետապնդվող հարյուր հազարավոր մուսուլման փախստականների և կրթությունից զրկված երեխաների իրավունքների և արդարության պայքարին զորեղ է, քան երբևէ։ Ստանձնած առաքելության հետևանքով, կյանքի 12 տարին նա անցկացրել է բանտարկության մեջ՝ ինչը ծանրագույն զրկանքների ենթարկել նրա սեփական ընտանիքին։

«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր հռչակվելու վերաբերյալ Չո Լա Աունն ասել է.

«Իմ ժողովուրդը ենթարկվում է դաժան սահմանափակումների, և արդեն կորցրել է իր խիզախությունն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը, դարձել անգրագետ, ուստիև՝ ընչազուրկ։ «Ավրորա» մրցանակի աջակցությունը կարևոր ճանաչում է բերում մարդու իրավունքների խախտումների ենթարկված բոլոր մուսուլմաններին, և ռոհինջա ժողովրդի թշվառ կացությունն օրեցօր ավելի նկատելի է դառնում միջազգային հանրությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ