Ապրիլի 24, 2022 թ., Երեւան. Այսօր՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց 2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները, որոնք վտանգում են սեփական կյանքն ուրիշներին օգնելու համար: Նրանք «Ավրորայի» հերոս են դարձել իրենց ունեցած բացառիկ ազդեցության, խիզախության եւ նվիրվածության համար: 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, արձագանքելով մարդասիրական խնդիրներին ամբողջ աշխարհում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Հերոսների անունները հայտարարվեցին Մատենադարանում. նրանցից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր:
«Մերօրյա այսպիսի բացառիկ հերոսները մեզ հիշեցնում են այն մասին, որ ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք հավատում են եւ պատրաստ են արտասովոր քայլերի՝ պաշտպանելու լուսավոր ապագան: Մեզնից շատերն այսօր կարող են ճնշված զգալ՝ առնչվելով մարդկային վշտի ու տառապանքի անվերջ թվացող ալիքին: Բայց «Ավրորայի» հերոսները շարունակում են լինել կարեկցանքի փարոս՝ առաջնորդելով եւ ոգեշնչելով մարդկայնությանը: Պատիվ է մասնակից լինել այս նախաձեռնությանը, որը նրանց ճանաչման է արժանացնում եւ աջակցում»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
2022 թ. «Ավրորայի» հերոսներն են.
· Ջամիլա Աֆղանի (Աֆղանստան)՝ խաղաղության ակտիվիստ եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր: 25 տարի նա պայքարել է, որպեսզի Աֆղանստանում ապրող կանանց համար կրթությունը դառնա հասանելի: Երբ թալիբները վերցրին իշխանությունը, Ջամիլա Աֆղանին ստիպված եղավ լքել իր հայրենիքը: Բայց նույնիսկ դրանից հետո նա չի հանձնվում՝ շարունակելով պայքարել իր ժողովրդի համար:
· Մահինուր էլ-Մասրի (Եգիպտոս)՝ փաստաբան եւ քաղաքական ակտիվիստ Եգիպտոսից: Նա պայքարում է երկրում քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների համար, կազմակերպում է բողոքի խաղաղ ակցիաներ եւ դատարանում պաշտպանում քաղբանտարկյալների իրավունքները: Եգիպտոսում պաշտոնական քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնելը կարող է վտանգավոր լինել․ Մահինուր էլ-Մասրին իր գործունեության պատճառով մի քանի անգամ ձերբակալվել է եւ բանտարկվել: Այդուհանդերձ, նա չի կորցնում լավատեսությունն իր երկրի ապագայի հանդեպ եւ ձգտում է լինել դրական փոփոխությունների առաջամարտիկ։
· Հադի Ջուման (Եմեն)՝ խաղաղության ակտիվիստ եւ միջնորդ-բանակցող Եմենից: Նա պարբերաբար վտանգում է իր կյանքը, որպեսզի կազմակերպի ռազմագերիների փոխանակում եւ առաջնագծից դուրս բերի այնտեղ մնացած զոհվածների մարմինները: Քանի որ քաղաքացիական պատերազմի հետեւանքով Եմենը շարունակում է մնալ երկարատեւ քաղաքական եւ հումանիտար ճգնաժամի մեջ, Հադի Ջումանը ընտանիքներին տալիս է միակ սփոփանքը, որ նրանց անհետ կորած համարվող սիրելի մարդիկ, ի վերջո, կարող են հանգչել խաղաղությամբ:
«Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ես գիտեմ, թե որքան կարեւոր է աջակցությունը եւ ճանաչումը միջազգային մակարդակով: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ակտիվիստներին եւ իրավապաշտպաններին, որոնք հաճախ միայնակ են գործում, առաջ մղելու իրենց աշխատանքը եւ ավելի մեծ արդյունք գրանցելու: Ես կցանկանայի շնորհավորել 2022 թ. «Ավրորայի» հերոսներին եւ մաղթել նրանց լավագույնն իրենց գործունեության մեջ»,- ասաց «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն:
2022 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը պաշտոնապես բացվեց 2021 թ. ապրիլի 24-ին: 633 առաջադրում է եղել 62 երկրից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան եւ Ուկրաինա: Ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:
«Ամեն տարի ես հիանում եմ այն բացառիկ հերոսներով եւ նրանց աշխատանքով, որոնց աջակցում է «Ավրորան»: Նրանք առնչվում են բազմաթիվ խնդիրների աներեւակայելի պայմաններում, երբ գրեթե ամեն ինչ նրանց դեմ է, բայց, այդուհանդերձ, նրանց մարդասիրությունը, հավատը, քաջությունն օգնում են նրանց շարունակել առաջ շարժվել: Ես մեծ հույս ունեմ, որ աշխարհը դասեր կառնի նրանցից, այդպես այն, հաստատ, շատ ավելի լավը կդառնա»,- նշեց 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ եւ Սուդանի «Գթության մայր» հիվանդանոցի բժշկական տնօրեն Թոմ Քաթինան:
Ըստ ավանդույթի, 2022 թ. «Ավրորայի» հերոսների անուններն արձանագրվել են 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» եզակի ձեռագրում, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության յուրահատուկ տարեգիրքն է: Այն կցուցադրվի Մատենադարանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը