Դեռահասները զանգվածաբար լքում են աշխարհի խոշորագույն սոցկայքը՝ Facebook-ը: Այս մասին, ինչպես հայտնում է The Guardian-ը, վկայում են ամերիկյան Pew Research Center հետազոտական կենտրոնի իրականացրած ուսումնասիրության արդյունքները:
Դրա պատճառը այլ սոցկայքերի՝ Instagram-ի ու Snapchat-ի լայն տարածումն է:
Հետազոտության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում բնակվող և հարցմանը մասնակցած 13-17 տարեկանների միայն 51%-ն է նշել, որ կանոնավոր օգտվում է Facebook-ից: Մինչդեռ նույն կենտրոնի նմանատիպ նախկին հետազոտության (2015թ.) արդյունքները ցույց էին տվել, որ այս տարիքային խմբի 71%-ն էր օգտվում Facebook-ից: Pew Research Center-ի մասնագետների խոսքով՝ հարցվածների 85%-ն ասել է, որ նախընտրում է օգտվել YouTube-ից, 72%-ը՝ Instagram-ից, 69%-ը՝ Snapchat-ից:
Մինչդեռ 2015թ. անցկացված հետազոտության ժամանակ այս կայքերի տարածվածությունը դեռահասների շրջանում զգալի քիչ էր:
Հատկանշական է, որ այս կամ այն սոցկայքից օգտվելու փաստը պայմանավորված է սեռով ու էթնիկ ծագմամբ: Օրինակ՝ աղջիկների 42%-ը նախընտրում է Snapchat-ը, տղաների 39%-ը՝ YouTube-ը: Սևամորթ դեռահասներն ավելի շատ նախապատվություն են տալիս Facebook-ին, իսկ սպիտակամորթները՝ Snapchat-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը