Հայաստանի սահմանադրությունում նշվում է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատություն: Կրոնական փոքրամասնության խմբերը նշել են, որ իրենք հատկապես մտահոգված են իրենց վրա կրոնական ազատության մասին օրինագծի հնարավոր բացասական ազդեցությամբ: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ 2017 թվականի ընթացքում աշխարհում կրոնի ազատության մասին զեկույցում:
Քրիստոնյա կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հայտնել են, որ շարունակում են ազատորեն դավանել իրենց կրոնը, այնուամենայնիվ, որոշ քրիստոնյաներ նշել են, որ ստիպված են դա անել զգուշորեն, մասնավորապես՝ զինվորական ծառայության ժամանակ: Իրավապաշտպանները շարունակել են մտահոգություն հայտնել դպրոցներում Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելն ազգային ինքնությանը հավասարեցնող Հայ առաքելական եկեղեցու ուսուցման տարածման հետ կառավարության դիրքորոշման համընկնման առնչությամբ:
Կրոնական փոքրամասնությունների և հասարակական կազմակերպությունների համաձայն՝ ազգային ինքնությունը Հայ առաքելական եկեղեցուն պատկանելության հավասարեցնելու մասին իշխանության պնդումները շարունակել են պետական և սոցիալական խտրականություն բորբոքել կրոնական կազմակերպությունների դեմ: Զեկույցում նշվում է, որ ի տարբերություն 2016 թվականի՝ «Եհովայի վկաները» չեն հայտնել իրենց անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության մասին, նվազել են նաև ոչ ֆիզիկական բռնության դեպքերը՝ 17-ից հասնելով 10-ի: «Եհովայի վկաներն» այդ ցուցանիշը վերագրել են ոստիկանական գործողություններին: Քրիստոնյա կրոնական փոքրամասնությունների և ՀԿ-ների համաձայն՝ նախորդ տարիների համեմատ շարունակել է բարելավվել լրատվամիջոցներում մթնոլորտը նրանց նկատմամբ՝ դառնալով ավելի հավասարակշռված և հավաստի, այնուամենայնիվ, «Եհովայի վկաները» հաղորդել են լրատվամիջոցներում բացասական հրապարակումների մի քանի դեպքի մասին:
Անդրադառնալով նշված հարցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում նշել է, որ :2017 թվականի ընթացքում Հայաստանում կրոնի ազատության վերաբերյալ զեկույցն ընդհանուր առմամբ բավականին դրական է՝ կրոնական ազատության տեսանկյունից:
«Բոլոր երկրներն ու հասարակություններն իրենց խնդիրներն ունեն: Միակ բանը, որ մեզ հուզում է, այն է, որ Հայ Առաքելական եկեղեցու պատմության և Հայ Առաքելական եկեղեցու կարևոր դերի դասավանդումն այնպես տարվի, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ, որը կարող է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ չլինել, իրեն ոչ պակաս հայ զգա, քան մյուսները»,- հայտարարել է Միլսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը