Տուգանքների համաներման մասին որոշումից հետո եղել են նաև դժգոհություններ։ Այս մասին կառավարության մայիսի 24-ի նիստում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Բարեխիղճ քաղաքացիները, ովքեր վճարել են, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները, տարբեր կարծիքներ կան համացանցում, հիմա պետք է փորձենք, բացատրենք եղելությունը, մեր կայացրած այս որոշման հետևանքները: Քաղաքացիների կողմից ուսումնասիրությամբ պարզվել է, որ արագաչափերի մասով չէ բողոքը, այլ հակառակը, կան քաղաքացիներ, որոնք դիմում են խնդրանքով, որ փողոցներում արագաչափեր տեղադրվեն, այստեղ ամբողջ խնդիրը տեսանկարահանող սարքերի խնդիրն էր: Կլինեն նաև վարորդներ, որոնք կօգտվեն իրավիճակից»,-ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց կայացնել հավասարակշռված որոշում՝ նշելով, որ շատ-շատերը չեն վճարել, որովհետև, մեծ հավանականությամբ, գումար չեն ունեցել:
«Մենք պետք է փոխենք խնդրի փիլիսոփայությունը, մենք պետք է հասկանանք, որ քաղաքացին «տուգանվելու մատերիալ չէ»:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ ինքը ևս վճարել է: «Ես էլ եմ վճարել, դո՞ւք էլ եք վճարել, պարոն Օսիպյան»,-ասաց նա:
ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ նախկինում չի վճարել, որին ի պատասխան վարչապետը կատակեց, որ քաղաքական իրավիճակի փոփոխություններից հետո վճարել որոշել է վճարել:
Արտակ Զեյնալյանը նաև տեղեկացրեց, որ նախարարությունը e-draft.am կայքում տեղադրել է վարչական տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը, և երբ լրանան ժամկետները, այն կներկայացվի Կառավարության հաստատմանը, որպեսզի գնա Ազգային ժողով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը