21 05 2018

Վազգեն Մանուկյանի առաջարկները՝ Նիկոլ Փաշինյանին

Վազգեն Մանուկյանի առաջարկները՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի ուշադրությունը հրավիրելով այն առաջարկությունների վրա, որոնք Հանրային խորհուրդն այս տասը տարիների ընթացքում ներկայացրել է ՀՀ կառավարություն, և որոնց մի մասն ամբողջությամբ կամ մասամբ ընդունվել է ու կյանքի կոչվել, մի մասը մնացել է չիրագործված: Այս մասին հայտնում է հանրային խորհուրդը:

Մանուկյանը նշել է, որ բոլոր այդ առաջարկները գտնվում են ՀՀ կառավարությունում, և կարելի է դրանք ներառել առաջիկայում ՀՀ Ազգային ժողով ներկայացվելիք նոր կառավարության ծրագրում:

ՀԽ նախագահը կառավարության ղեկավարին է ուղարկել նաև սեղմ առաջարկներ Հանրային խորհրդի որոշ հանձնաժողովների կողմից, որոնք նպատակահարմար են գտել դրանք ներկայացնել վարչապետին քննարկման նպատակով: 

Այս ամենից բացի, Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր անձնական նկատառումները Հայաստանում այսօր, իր կարծիքով, ամենախնդրահարույց վիճակում գտնվող 3 ոլորտների՝ կրթության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության վերաբերյալ:

Այդ նկատառումները հետևյալն են.

Կրթություն

  • Պետք է անջատել դպրոցը բուհից և գիտությունից՝ համապատասխան երկու առանձին նախարարությունների ձևավորմամբ:
  • Դպրոցները պետք է լինեն «ֆեդերալ»՝ կառավարվելով մեկ գերատեսչությունից և տեղական իշխանությունների հետ ունենալով չնչին առնչություն:
  • Պետք է լինեն միասնական չափորոշիչներ՝ միաժամանակ ապահովելով մասնավոր դպրոցների և միջազգային տարբեր կրթական համակարգերին միացած դպրոցների («Այբ», «Քվանտ», «Շիրակացի», «Դիլիջան» և այլն) գործունեությունը և դա տեղավորելով մեր կրթական չափորոշիչների համատեքստում:
  • Պետք է վերանայել դպրոցական ծրագրերն ու դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնական գիտությունների դասավանդմանը: Բացի այդ, դպրոցական կրթությունը պետք է մեր երիտասարդության մեջ սերմանի հպարտություն մեր ազգային պատկանելության նկատմամբ: Այդ նպատակով պետք է վերանայվեն համաշխարհային և հայոց պատմության դասագրքերը: Հայոց պատմության դասագրքերում մեր պետության պատմության հետ միասին պետք է խորացված ձևով ներկայացվի հայկական գաղթօջախների պատմությունը, որոնք մեծ ազդեցություն են թողել համաշխարհային այժմյան քաղաքակրթության զարգացման վրա: 
  • Բուհերում առկա բազմաթիվ խնդիրները լուծելուն զուգահեռ, պետք է խնդիր դրվի ընտրել հայաստանյան 2-3 բուհ և դրանք բարձրացնել այնպիսի մակարդակի, որպեսզի ներառվեն միջազգային լավագույն 400 բուհերի ցանկում:

 Հանքարդյունաբերություն

  • Հանքարդյունաբերության ոլորտում նախևառաջ պետք է մշակել նոր օրենք, որում, մնացած հարցերի հետ միասին, հստակ կսահմավի էկոլոգիայի և տնտեսական զարգացման ոսկե միջինը: Առաջնահերությունն ամբողջությամբ տալով էկոլոգիական կողմին՝ կխոչընդոտենք տնտեսական զարգացումը, իսկ եթե մտածենք միայն տնտեսական զարգացման մասին, լրջորեն կտուժի էկոլոգիան: Այստեղ ամենակարևորը ճշգրիտ եզրը գտնելն է:
  • Բազմաթիվ հանքերի դեպքում, որոնք չնչին գնով տրվել են տարբեր ընկերությունների, բայց այս տարիների ընթացքում չեն շահագործվում, պետք է քննարկել դրանց մի մասի «պետականացման» (լիցենզիայից զրկելու) հարցը՝ փոխհատուցելով սեփականատերերի կատարած ծախսերը:
  • Օգտագործվող հանքերի դեպքում «պետականացումը» կարող է որոշակի խնդիրներ առաջացնել: Դրանց գործունեությունը պետք է կարգավորվի նոր օրենքով:

 Գյուղատնտեսություն

 Գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ, ըստ Վազգեն Մանուկյանի, ամենակարևոր հարցը հողերի խոշորացումն է, որովհետև փոքր ֆերմերային տնտեսությունները հիմնականում լինում են ոչ արդյունավետ (բացառությամբ լեռնային շրջաններում որոշակի բույսերի և արտադրությունների):

«Աշխարհում կա խոշորացման 2 ճանապարհ: Առաջինը՝ երբ ինչ որ մեկը գնում է հսկայական քանակությամբ հողեր և իբրև խոշոր ֆերմեր՝ սկսում օգտագործել դրանք: Առանց բացառելու այդ ճանապարհը, այնուամենայնիվ կարծում եմ, որ Հայաստանի համար առավել արդյունավետ է մյուս ճանապարհը, որն ընդունված է եվրոպական շատ երկրներում: Դա կոոպերացիան է, և մեր գյուղատնտեսության հիմքում պետք է դնել կոոպերացիայի զարգացումը: Կոոպերացիան նախ նպաստավոր է հողերի օգտագործման տեսանկյունից, բացի այդ, կարող է խթանել փոքր արտադրությունները, որոնք իրենց հերթին կստեղծեն իրենց շուկաները և այլն: Փաստորեն, կոոպերացիան մի կողմից լուծում է հողերի խոշորացման հարցը՝դարձնելով գյուղատնտեսությունն արդյունավետ, մյուս կողմից՝ պահպանում է գյուղերը, ինչը մեզ համար շատ կարևոր է»,-նշված է նամակում: 

Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերին, ապա Մանուկյանը կարևորել է, որպեսզի  Պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ գնումների մի զգալի մասը հնարավոր լինի ապահովել սահմանամերձ գյուղերում` հիմնելով  համապատասխան արտադրություններ: 

«Պետք է հատուկ ուշադրություն դարձնել նաև այն ոլորտներին, որոնք 2014 թվականին ՀՀ կառավարության կողմից սահմանվել են իբրև գերակա ուղղություններ: Դրանցից մեկն, օրինակ, գինեգործությունն է: Հայկական գինին այսօր իր որակով չի զիջում աշխարհի լավագույն գինիներին: Պետք է նշել, որ կոնյակի և գինու հսկայական շուկա ունենք Չինաստանում, որը չի օգտագործվում՝ ի տարբերություն Վրաստանի, որն ակտիվորեն ներգրավված է այդ շուկայում և մեծ քանակությամբ գինի է արտահանում Չինաստան»,-գրված է նամակում: 

Ընդհանրապես, ըստ Վազգեն Մանուկյանի, Հայաստանը լիարժեք չի օգտագործում այն հսկայական հնարավորություններն ու շուկան, որն ընձեռում է Չինաստանը: Նա կարծիք է հայտնել, որ վարչապետի առաջիկա արտերկրյա այցերից մեկը պետք է լինի Չինաստան: «Ընդ որում, այդ այցին պետք է չափազանց լուրջ պատրաստվել՝ հաշվի առնելով չինական քաղաքակրթության յուրահատկությունները»,-նշել է Մանուկյանը: 

Քանի որ ՀՀ Հանրային խորհուրդը սերտ հարաբերերություններ ունի Չինաստանի նույնանման կառույցի հետ, ՀԽ ղեկավարը հարկ է համարել վարչապետին ուղարկել նաև 2016 թվականին Հանրային խորհրդի պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որը ժամանակին ներկայացվել է Հանրապետության նախագահին: «Կարծում եմ՝ Ձեզ համար այդ տեղեկատվությունն օգտակար կլինի»,-նշել է նա:

Այս ամենից բացի, Վազգեն Մանուկյանը կարևոր է համարել համաշխարհային հայկական կառույցի ձևավորման նախաձեռնումը, որի բոլոր նախադրյալներն այս պահին կան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ