Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից տուժել է 79 մարդ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: Ներկայում հիվանդանոցում են գտնվում 12 մարդ։ Ամբուլատոր բուժում է նշանակվել 67 տուժածի:
Խոշոր հրդեհի հետևանքով զոհվածների ցուցակում 2 հայ կա: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը: Զոհվածները հայր ու որդի են՝ Գալանին Դմիտրի Սարգիսի և Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը 43 տարեկան էր, որդին՝ 10 տարեկան:
Միաժամանակ, հրդեհի գործով հետաքննության ընթացքում պարզվել է, որ 3 մարդ, որոնց անհետացման մասին հայտնել էին բարեկամները, ողջ են: Այդ մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքում:
Իսկ Կեմերովոյի մարզի բնակչության սոցիալական պաշտպանության բաժնի պետ Նատալյա Կրուգլյակովան լրագրողներին տեղեկացրել է, որ տեղի ունեցած հրդեհի զոհերի 21 ընտանիք ֆինանսական օգնություն է ստացել. հասցեական օգնության համար նախատեսված գումարը փոխանցվել է: Մյուս զոհերի ընտանիքները ևս կստանան փոխհատուցում:
Յուրաքանչյուր մահացածի համար տրամադրվում է 5 միլիոն ռուբլի՝ մեկ միլիոնը դաշնային բյուջեից, մեկը՝ մարզային, իսկ երեքը՝ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի սեփականատիրոջից
Հիշեցնենք, որ Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4 հարկանի առևտրի կենտրոնում հրդեհը բռնկել էր մարտի 25-ին։ Վերջին տվյալներով` զոհվածների թիվը 64 է, որոնցից 41-ը երեխաներ են։
Զոհերի թվով այդ հրդեհը վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանի չորս խոշորագույն հրդեհներից մեկն է։
Մարտի 28-ին տեղի ունեցավ զոհերի մի մասին հուղարկավորությունը:
Մարզում մի քանի բողոքի ցույցեր են ընթանում մարտի 26-ից ի վեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը