28 03 2018

Ռուսաստանում սգո օր է. հրաժեշտ են տալիս հրդեհի զոհերին. Թարմացվում է

Ռուսաստանում սգո օր է. հրաժեշտ են տալիս հրդեհի զոհերին. Թարմացվում է

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհից տուժածների թիվը հասել է 76-ի: Կան քաղաքացիներ, որոնք միայն հիմա են դիմում հիվանդանոց: Հիվանդանոցներում են գտնվում 14 անձինք, մյուս տուժածները տնային բուժում են ստանում: Տուժածներից 27-ը երեխաներ են:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում մարտի 28-ը սգո օր է հայտարարվել, բոլոր հաստատություններից իջեցվել է պետական դրոշը:

Մարտի 25-ին բռնկված հրդեհին զոհ էր գնացել 64 մարդ, որոնցից 41-ը՝ երեխաներ: Մինչ մարտի 28-ի առավոտը ճանաչվել է զոհվածների 27 մարմին:

Հրդեհի բռնկման գլխավոր պատճառ է համարվում էլեկտրահաղորդալարերի անսարքությունը:

Առևտրի կենտրոնում չեն գործել վթարային ելքերը և հրդեհի ազդանշանային համակարգը:

Նշենք, որ մարտի 27-ից Կեմերովոյում բողոքի ցույց է ընթանում: Հավաքվածները պահանջում էին զոհերի իրական թիվը հայտնել՝ չհավատալով ՆԳՆ տվյալներին: Հրդեհից տուժածների հարազատներն օպերատիվ շտաբ են բացել և իրենց հերթին հաշվում են զոհերին և բոլոր տուժածներին:

Մարտի 27-ին Կեմերովո է այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և արտակարգ խորհրդակցություն հրավիրել:

***

Մարտի 28-ին Կեմերովո քաղաքում տեղի կունենա մարտի 25-ի ողբերգական հրդեհի զոհերից 14-ի հուղարկավորման արարողությունը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Տեսանյութում զոհերին հրաժեշտի արարողությունն է:

 

 ***

Բոլոր զոհերի դիերը հայտնաբերվել են

ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները հայտնաբերել են Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհված բոլոր 64 մարդկանց մարմինները: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Վլադլեն Աքսյոնովը: «Արտակարգ իրավիճակի հետևանքով զոհվել է 64 մարդ: Այլ տվյալներ մենք չունենք: Բոլոր մարդկանց մենք գիտենք: Անհայտ կորածներ չկան»,- ասել է նա:

***

Պաշտոնանկություններ՝ Կեմերովո մարզում

Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեևն աշխատանքից ազատել է իր տեղակալ, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Զելենինին և ներքին քաղաքականության բաժնի ղեկավար Նինա Լոպատինային: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

***

Կան ուժեր, որոնք միտումնավոր հրահրում են իրավիճակը. Կեմերովոյի մարզպետի տեսաուղերձը

Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեևը տեսաուղերձ է հղել՝ նշելով, որ ողջ աշխարհը սգում է Ռուսաստանի բնակիչների հետ միասին, բայց կան ուժեր, որոնք միտումնավոր հրահրում են իրավիճակը և փորձում օգուտ քաղել ուրիշների վշտի հաշվին

 

 ***

Կեմերովոյի դատարանը երկու ամիս ժամկետով կալանավորել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի կառավարիչ Նադեժդա Սուդդենոկին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

***

Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև, մարտի 26-ից սկսած, քաղաքացիները ծաղիկներ և խաղալիքներ են դնում՝ ի հիշատակ Կեմերովոյի հրդեհի զոհերի

***

Կալանավորում

Կեմերովոյի դատարանը երկամսյա կալանք է կիրառել «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակից Սերգեյ Անտյուշինի նկատմամբ: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ քննության տեղեկություններով՝ նա հրդեհի ազդանշան ստանալուն պես անջատել է ահազանգման համակարգը: Անտյուշինը հայտարարել է, որ համաձայն չէ դատարանի վճռի հետ և կբողոքարկի այն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ