ՌԴ Կեմերովոյի մարզում բողոքի ցույցեր են սկսվել՝ մարտի 25-ի ողբերգական հրդեհի պատճառով: Ցույցերին մասնակցում է մոտ 4 հազար մարդ:
Քաղաքացիները չեն հավատում հրդեհի պատճառների և զոհերի թվի մասին հայտարարություններին և մի քանի պահանջ են ներկայացնում, այդ թվում՝ մարզի ղեկավարության հրաժարականը: Քաղաքացիները դժգոհ են նաև հրդեհի դանդաղ մարումից:
Մարզպետարանի շենքի մոտ հավաքվածներին, ըստ Интерфакс գործակալության, հսկում են ոստիկանական մեծաթիվ ուժեր:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ:
***
Կեմերովո քաղաք է այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեսակցել է հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներին: Համաձայն gazeta.ru-ի՝ հրդեհի ժամանակ մարդկանց օգնածներից մեկը նախագահին ասել է, որ շինության սխալ նախագծման պատճառով է զոհերի մեծ թիվը:
Պուտինը կատարվածի պատճառ է համարել հանցավոր անփութությունը և թափթփվածությունը: «Ի՞նչ է մեզ մոտ կատարվում: Չէ՞ որ սրանք ռազմական գործողություններ չեն, կամ հանքավայրում մեթանի հանկարծակի արտանետում: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին, բայց այսքան երեխա ենք կորցրել»:
Կեմերովոյում ՌԴ նախագահի հետ խորհրդակցության ժամանակ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ասել է, որ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհային ազդանշանային համակարգը մարտի 19-ից գտնվել է անսարք վիճակում:
***
«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 41 երեխա: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ողբերգության զոհերի հարազատների ստեղծված շտաբին:
Կեմերովոյի դիահերձարանում ստուգումը հաստատել է հրդեհի հետևանքով 64 զոհի մասին պաշտոնական տվյալները:
***
Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեևը ներողություն է խնդրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինից. «Անձամբ ներողություն եմ խնդրում Ձեզնից մեր տարածքում կատարվածի համար»,- ասել է նա:
***
Նախագահ Վլադիմիր Պուտինը սուգ է հայտարարել. մարտի 28-ին կիջեցվեն պետական դրոշները, մշակույթի հաստատություններում և հեռուստաալիքներով կարգելվեն ժամանցային միջոցառումները և հաղորդումները:
***
Հրապարակվել է «Զիմնյայա վիշնյա»-ում հրդեհի հետևանքով անհետ կորած և զոհվածանձանց ցանկը
Կեմերովոյի քաղաքապետարանը հրապարակել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով անհետ կորած և զոհվածանձանց ցանկը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, անհետ կորածների ցանկում ներառված է 38 մարդու, այդ թվում՝ 26 երեխայի անուն: Միաժամանակ, հրդեհի զոհերի հարազատների ստեղծած շտաբում հավաքվել են 85 անհետ կորածի մասին տվյալներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը