22 03 2018

Կառավարությունը քննարկում է Երևանի փողոցների խցանումների հարցը

Կառավարությունը քննարկում է Երևանի փողոցների խցանումների հարցը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորություններն ու խնդրի լուծմանն ուղղված  առաջարկություններ են ներկայացվել: Այս մասին հայտնում է կառավարության լրատվականը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ քաղաքի տարբեր, հատկապես՝ խիստ ծանրաբեռնված հատվածներում ստորգետնյա կայանատեղիների կառուցման, անցումների վերանորոգման և շահագործման հնարավորությանը, անվճար, բարեգործական երթուղների համար կոնկրետ կայանատեղերի սահմանմանը, հետիոտնի կողմից փողոցների կամայական հատվածները չհատելու նպատակով արգելապատնեշների կառուցման առաջարկություններին:

Զեկուցվել է, որ Ճանապարհային ոստիկանության կողմից հետեւողական աշխատանքներ են իրականացվում ուսումնական հաստատությունների, հասարակական վայրերի ճանապարհահատվածներում 2-րդ երթևեկելի գոտիներում տրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման ուղղությամբ. նախատեսվում է այդ նպատակով տարբեր հատվածներում տեղադրել նաեւ տեսախցիկներ: Երթեւեկությունը կարգավորելու նպատակով ՃՈ-ի կողմից քաղաքի առայժմ ծայրամասերում իրականացվում է լուսացույցերի նոր համակարգի պիլոտային ծրագիր, որը նախնական գնահատականներով գործում է արդյունավետ և հնարավոր է առաջիկայում դրանց կիրառումը ընդլայնել:

Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է մանրամասն վերլուծել ներկայացված բոլոր տարբերակներն ու ներկայացնել երթևկության արդյունավետ կառավարմանը և քաղաքի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված վերջնական առաջարկություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ