Մարտի 8-ին նշվում է Կանանց միջազգային տոնը: Տոնի առաջացման հետ կապված վարկածները բազմաթիվ են: Այս օրվա հետ կապված ամենաառաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857 թվականի մարտի 8-ին՝ «դատարկ կաթսաների երթը», որը կազմակերպել էին նյույորքյան տեքստիլ գործարանի բանվորուհիները: Իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում, կանանց համար հավասար իրավունքներ: Այդ իրադարձությունը սկսեցին անվանել Կանանց օր:
Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է գերմանուհի սոցիալիստ Կլարա Ցետկինի անվան հետ, որը կազմակերպում է կանանցից կազմված հեղափոխական ջոկատ և այսպես ասած՝ անզուսպ էներգիան ուղղորդում է շահագործողների դեմ պայքարին:
Վարկած կա, որ մարտի 8-ի պատմությունը կապվում է գարնան սկզբին նշվող հրեական Պուրիմ տոնի հետ: Նույն Կլարա Ցետկինն առաջարկում է այս տոնը նշել Պուրիմի հակադրությամբ` հրեա կանանց կրոնական սովորույթներից հետ պահելու համար:
1908 և 1909 թվականներին Կանանց օրը նշվեց կանացի երթերով ու գործադուլներով, իսկ 1910 թվականին այն տարածվեց ողջ ԱՄՆ-ում: 1910-ին Կոպենհագենում տեղի ունեցած Սոցիալիստ կանանց միջազգային մի կոնֆերանսում Կլարա Ցետկինն առաջարկեց տոնել մարտի 8-ը՝ որպես կանանց իրավունքի պաշտպանության և տղամարդկանց իրավունքների հետ հավասարության օր:
Կանաց միջազգային օրը սկսել են նշել 1911 թվականից, բայց փոփոխական օրերով: Միայն 1914 թվականի մարտի 8-ին տոնը միաժամանակ նշվում է վեց երկրում` Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում և Շվեկցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:
Առաջին աշխարահամարտը Եվրոպային ստիպում է մոռանալ տոները, բայց Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխությունից անմիջապես հետո կանանց միջազգային տոնը կրկին հիշվում է և ստանում պաշտոնականի կարգավիճակ:
ՄԱԿ-ը 1975-ը ճանաչում է Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977-ին մարտի 8-ն արդեն հայտարարում է Կանանց միջազգային տոն:
Անկախությունից հետո Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանքային` ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր: Սակայն մարտի 8-ն այնքան էր սիրվել հասարակության կողմից, որ այն նորից վերականգնվեց: Ավելին` մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:
Մարտի 8-ն աշխատանքային օր չէ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ դիմում եմ մեր սիրելի մայրերին, քույրերին, դուստրերին, մեր բոլոր հարազատներին: Ձեր ջերմությամբ և գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը: Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:
Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական: Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում և գլուխ խոնարհում ձեր առջև:
Սիրելի՛ կանայք, Ձեր մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաև հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի զարգացման և ապագայի համար:
Ավելի արդար ու ազատ հասարակություն, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործում ձեր մասնակցությունն ունի անփոխարինելի նշանակություն: Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ:
Առողջ և ամուր ընտանիքը մեր ժողովրդի և երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք:
Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ բոլորիդ սեր և բարօրություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը