06 03 2018

Մատենադարանը նոր տնօրեն ունի

Մատենադարանը նոր տնօրեն ունի

Մարտի 6-ին Մատենադարանի գիտական մասնաշենքում կայացել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության հարցը:

Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել էր մեկ դիմում: Դիմում էր ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։

Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել Մատենադարանի զարգացման իր հնգամյա ծրագիրը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին:

Այնուհետև խորհուրդն անցկացրել է փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքում պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը միաձայն ընտրվեց Մատենադարանի տնօրեն:

Վահան Տեր-Ղևոնդյանը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 12-ին, Երևանում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1986 թ.-ից: Եղել է ՀՀ նախագահի օգնական 1991-1993 թվականներին, 2003-2005-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, տարբեր տարիներին եղել է դեսպան Արգենտիանյում, ապա Լիբանանում: 2008 թվականից մինչև հիմա համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ՝ որպես ավագ գիտաշխատող, ապա` առաջատար գիտաշխատող: 2016-ի սեպտեմբերից Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատարն է:

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ