27 11 2021

Երևանում ընթանում է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Երևանում ընթանում է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին: Նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի անվտանգության և պաշտպանության իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին, որից հետո անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները չեն մասնակցի նիստին։

Խորհրդի անդամներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ալբերտ Պողոսյանը, Զավեն Խանջյանը, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստից առաջ ներկայացրել են իրենց գրավոր կարծիքները, որոնք կհնչեցվեն խորհրդի կայանալիք նիստում»:

Հիշեցնենք նաև, որ երկրորդ նախագահը հայտարարությամբ էր հանդես եկել․

«Հարգելի հայրենակիցներ,

Որոշում եմ կայացրել չմասնակցել ս.թ. նոյեմբերի 27-ին կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին, որի օրակարգում ներարռված  է հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված և աուդիտորական ընկերության կողմից չհաստատված ծախսերի ծախսագրման հաստատումը:

Հաշվի առնելով Ազգային Ժողովում այդ հարցով ստեղծված և այդ փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը, գրություն եմ ուղարկել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ օրակարգի այդ հարցի քննարկումը հետաձգելու առաջարկով, որին արձագանք այդպես էլ չի եղել: Գրություն եմ ուղարկել նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ չհանդիսացող անդամներին՝ նույն առաջարկով:

Համահայկական հիմնադրամի նման ձևով աուդիտի հաստատումն անդառնալի վնաս կհասցնի այս խոշորագույն համահայկական կառույցի համբավին և հետագա գործունեությանը: Նման միջոցառման մասնակցելու և փաստացիորեն՝ դրան հանցակից դառնալուն արդարացում չկա: Իմաստ չեմ տեսնում մասնակցել մի նիստի, որը վնասելու է համահայկական կառույցին և մեր ազգային նպատակների իրագործմանը»:

Երեկ էլ «Հայաստան» հիմնադրամի կողմից Կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովը հրապարակել եր Կառավարությանն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված հարցերը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ