Ես առավոտից միացել եմ բոյկոտին և տեսնում եմ, որ քաղաքացիների մեծ մասը կամ չի վճարում առհասարակ, կամ թողնում է 100 դրամ և դուրս է գալիս: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգորի Երիցյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաներին:
«Միակ խնդիրը թերևս մետրոյում էր, որտեղ մտնել առանց տոմսի հնարավոր չէ, դրա համար մենք ձեռք էինք բերել 9 հազար դրամանոց այս քարտը և շուրջ 500 մարդ քիչ առաջ անվճար անցավ:
Այսինքն այս ռեֆորմը ռեֆորմ չէ, որովհետև լիքը մանրուքներ հաշվի առնված չեն, փաստորեն մեկ անգամյա այս բազմակի օգտագործման մեկ ամսվա քարտով հնարավոր է անսահմանափակ մուտք գործել մետրոպոլիտեն:
Ես հատուկ գնել եմ քաղաքացիներին անվճար թողնելու, որ մետրո մտնեն, և սա նույնպես ակցիայի մի տարբերակ է: Խորհուրդ եմ տալիս նաև, ովքեր նման հնարավորություն ունեն, առնեն այս քարտերը, քանի դեռ դրանք չեն փակել, որովհետև իմ քարտը կարծես թե արդեն 500-րդ անգամից արգելափակվեց:
Սա էլ է հարց, իմ անսահմանափակ քարտը՝ պարզվում է սահմանափակ է»,-ասաց նա:
Երիցյանը հավելեց, որ այսօր շարունակելու են ակցիաները ամբողջ քաղաքում, ուսանողությունը նույնպես ակտիվ մասնակցում է, բոյկոտում է.
«Կան քաղաքացիներ, որ վճարում են, բայց եթե տեսնում են կողքը կա քաղաքացի, որ չի վճարում, իրենք նույնպես չեն վճարում: Այսինքն շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս մեր քաղաքացիական պատասխանատվությունը դրսևորենք, օրինակ ծառայենք, որ եթե չունեք 150 դրամ, կարող եք վճարել 100 դրամ: 150 դրամի գաղափարը, որը 10 տարի առաջ բոյկոտեցինք, այսօր էլ բոյկոտելու ենք»,- ընդգծեց ավագանու նախկին անդամը:
Նա տեղեկացրեց, որ ոստիկաններն այդպես հինգ-վեց անգամ մոտեցել են իրեն, խնդրել են դադարեցնել ակցիան. «Ես պահանջեցի որևէ հիմք ներկայացնել, որևէ հիմք չկար, ես իմ ակցիան շարունակեցի: Այնուհետև մոտեցան, խնդրեցին քարտի համարը, որպեսզի նկարեն, ասեցի, որ սա իմ գումարով ձեռք բերված քարտն է, իմ անձնական քարտն է և ես չեմ տրամադրելու այն: Ենթադրում եմ՝ մոտեցել ենք քարտը վաճառողին, քարտի թվերը ճշտել են և փակել են այս պահին:
Հիմա մի 20 րոպեից նորից փորձարկելու ենք, տեսնենք ինքը նորից բացվում է, թե ոչ: Եթե ոչ, կարող ենք գնել նորից այդ մեկ ամսվա փաթեթներից և ևս 500 հոգու անցկացնել, հետո ևս 500 հոգու, հետո ևս 500 հոգու և այդպես կարող ենք աջակցել այն մարդկանց, որոնք հնարավորություն չունեն ավելի թանկ տրանսպորտով երթևեկելու։
Ակցիայի համար ընտրել ենք մետրոն, որովհետև մետրոյում որևէ բարեփոխում չի արվել, միայն թանկացել է գինը։ Եթե ավտոբուսները որոշ առումով նոր են, նոր շարժակազմ են և այլն, ես չեմ հասկանում հնադարյան մետրոյում և հնադարյան տրոլեյբուսներում ինչո՞ւ է գինը բարձրացել»,-ասաց Գրիգրի Երիցյանը:
Նա նկատեց, որ քանի որ տրոյելբուսի ու ավտոբուսի համար քաղքացին նույն գինն է վճարելու, այսօր տրոլեյբուսները դատարկ էին երթևեկում, տարեցներն էլ չեն նստում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը