02 02 2025

Ղարիբ Բաբայանն ազատ արձակվեց

Ղարիբ Բաբայանն ազատ արձակվեց

Ղարիբ Բաբայանը չկալանավորվեց: Դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը։ Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ  նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Հիշեցնենք, որ արցախցի Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող օտարերկրացիների տեսանյութը տարածելու համար։

Քննչական կոմիտեից հայտնել էին. «Քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։

Նշված արարքը կատարելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

Վերջինս ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ