Իտալիայի 38 խորհրդարանականներ Բաքվում անցկացվելիք՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովի նախօրեին կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ։
Ինչպես հայտնում ANSA գործակալությունը, կոչում նշված է.
«- Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանը հյուրընկալու է COP29՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովը,
- Հաշվի առնելով, որ Իտալիայի շահերից է բխում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը, ուստի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բարձրացմանը նպաստող բոլոր գործողությունների և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման խրախուսումը,
- Արձանագրելով, որ վերջին հակամարտություններից հետո տարբեր պատճառաբանություններով Բաքվում դեռևս պահվում են 23 հայ ռազմագերիներ և այլ պահվող անձինք, որոնց ընտանիքները երկար ժամանակ է, ինչ սպասում են նրանց տուն վերադարձին,
- Հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակումը դրական ազդակ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների համար և հետագայում ևս լրացուցիչ դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի և հենց COP29-ի վրա,
Իտալիայի Հանրապետության ներքոստորագրյալ պատգամավորներն ու սենատորները կոչ են անում կառավարությանը.
- Ադրբեջանցի գործընկերոջը հորդորել, որպեսզի COP29 միջոցառման շրջանակում, որպես բարի կամքի դրսևորում և ի նշան Իտալիայի հետ բարեկամության, ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց,
- ապահովել՝ անհրաժեշտության դեպքում նաև սեփական միջոցներով, նրանց տուն վերադարձը,
- Հայաստանին և Ադրբեջանին փոխանցել Իտալիայի հանձնառությունը նպաստելու տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը