08 11 2024

Վարորդական վկայականներ տրամադրելու համար բացահայտվել է կաշառք ստանալու 59 դրվագ

Վարորդական վկայականներ տրամադրելու համար բացահայտվել է կաշառք ստանալու 59 դրվագ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակցի մասնագիտական տոնի կապակցությամբ այսօր կազմակերպվել է միջոցառում, որին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կենտրոնից։

«Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` նշելով, որ 2024 թ. 9 ամիսների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել 1896 քրեական վարույթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1477 վարույթի դիմաց։ Նույն ժամանակահատվածում ավարտված վարույթները կազմել են 629՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 363-ի դիմաց։ Այսինքն՝ սույն թվականի 9 ամիսների ընթացքում քննվել են 419–ով կամ 24.8 %-ով ավելի վարույթներ, իսկ ավարտված վարույթների քանակը աճել է 266-ով կամ 73,3 %-ով։

Ավարտված վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 114-ը 250 անձանց վերաբերյալ։ Թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դատարան ուղարկված վարույթների թիվը նվազել է 20-ով կամ 15 %-ով, իսկ դատի տրված անձանց քանակը 36-ով կամ 12,6 %-ով, սակայն, ըստ Կոմիտեի նախագահի, այս վիճակագրական տվյալներն ամենևին չեն վկայում քննության արդյունավետության նվազման մասին։

Նշված նվազումը պայմանավորված է բացառապես այս տարվա հաշվետու ժամանակահատվածում ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով, հիմնականում գործուն զղջալու պատճառաբանությամբ քրեական հետապնդումից հրաժարվելու դեպքերի մեծ աճով։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը անդրադարձել է նաև կոռուպցիոն գործերով մեղադրական դատավճիռներին՝ ներկայացնելով մի քանի վիճակագրական տվյալներ ոչ միայն քննարկվող ժամանակահատվածի, այլ նաև նախորդ երկու տարիների կտրվածքով։

Ըստ կոմիտեի նախագահի՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերից 21-ով կայացվել են մեղադրական դատավճիռներ, արդարացման դատավճիռներ չեն կայացվել։

2023 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 169 գործերից մեղադրական դատավճիռ է կայացվել 73-ով, 2022թ.-ին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 85 քրեական գործերից մեղադրական դատավճիռ է կայացվել 47-ով:

Միայն այս տարվա 9 ամիսներին քննված քրեական 7 վարույթներով բացահայտվել է կաշառք ստանալու 59 դրվագ՝ վարորդական վկայականներ  տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար։ Ըստ Սասուն Խաչատրյանի՝ դեռևս բազմաթիվ են կոռուպցիոն դրսևորումները զինվորական ծառայության  զորակոչի գործընթացքում։ Այս տարվա ընթացքում Կոմիտեում քննվել է կաշառքի դիմաց զինվորական ծառայության զորակոչից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ 34 քրեական վարույթ, 6 քրեական վարույթ 23 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան։ Դատի են տրվել պաշտպանության նախարարության բարձրաստիճան ծառայողներ, բժիշկներ։ Բացահայտվել են կոռուպցիոն բազմաթիվ դեպքեր թե՛ պետական կառավարման, թե՛ տեղական ինքնակառավարման համակարգերում»,- ասվում է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ