25 10 2024

ՊԵԿ-ը թաքցնում է «Մարգարա» անցակետի սպասարկման ծախսերը

ՊԵԿ-ը թաքցնում է «Մարգարա» անցակետի սպասարկման ծախսերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն թաքցնում է Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի սպասարկման ծախսերը:

Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ՊԵԿ հասկանալու համար, թե որքան է արժեցել «Մարգարա» նոր անցակետի շինարարությունը և ինչքան գումար է ծախսվել շինարարության ավարտից հետո այն սպասարկելու համար։

Առաջին հարցի վերաբերյալ ՊԵԿ-ից հայտնել են, որ մաքսային կետի կառուցման համար կոմիտեի և մի շարք կազմակերպությունների միջև կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնք հրապարակված են էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի PPCM ենթահամակարգում (բաց հարթակ):

«Դրանք իրենց մեջ ներառում են շինմոնտաժային աշխատանքների, սարքավորումների և կահավորանքի արժեքը, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների արժեքը, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության արժեքը, աշխատանքների կատարման նկատմամբ որակի տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների արժեքը»,-հայտնել է ՊԵԿ-ը։

 

Սակայն ՊԵԿ-ից չեն պատասխանել հիմնական հարցին․ որքան գումար է ծախսվել 2023 թվականի դեկտեմբերից պատրաստ, բայց չշահագործվող անցակետի սպասարկման համար։

Հիշեցնենք, որ տեղեկացրել էին, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։

Նշվում էր, որ հայկական կողմը Թուրքիայից դրական ազդակներ է ակնկալում երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ։

Հայկական կողմը անցակետի արդիականացման և վերազինման համար ծախսել է շուրջ 760 մլն դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ