28 09 2024

Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժարվել սեփական պատմությունից․ Ամենայն Հայոց Կաթողիկոս



«Մեր երկիրն ու ժողովուրդը գտնվում են անվտանգային լրջագույն սպառնալիքների ու աղետալի աղետներից ու վշտագին կորուստներից վեր հառնումի հրամայականի առջև»,-Մյուռոնօրհնության կարգի ժամանակ իր ելույթում ասաց Վեհափառ Հայրապետը։

«Մենք հավատում ենք, որ աշխարհն անտարբեր չէ ցավի ու բռնության նկատմամբ։ Հավատում ենք, որ մարդկային սրտերում չեն ցամաքել սերն ու կարեկցանքնը, արդարություն ու իրավունքի գերակայություն հաստատելու ձգտումը։ Մյուռոնօրհության այս նվիրական արարողությունը պատեհ առիթ ունենալով՝ վերստին դիմում ենք միջազգային հանրությանը և մեր քույր եկեղեցիներին, ի դեմս մեզ աղոթակից եկեղեցական ու դիվանագիտական ներկայացուցչություններին, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն ՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից ու ոչնչացումից փրկելու Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս բարդ իրավիճակի կարգավորման գործում հիմնական պարտավորւթյունն ու պատասխանատվությունը մերն է, հարկ է՝ համախմբվել»։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդն ընդգծեց՝ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում առավել կարևոր է հավատարիմ մնալ ազգային արժեքներին, մեր հավատքին, հայրենիքին։

«Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող ուրանալ անկախ հայրենիք ունենալու իր հայրերի երազները, հրաժարվել սեփական պատմությունից, մերժել իր նախնյաց ժառանգությունը»,- ընդգծեց Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ