Երևանում նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,
մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակայն փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:
Հավելեմ, որ նշված փողոցներում շուրջ երեք տասնյակ երթուղիներ են սպասարկվում։
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Բացի այդ, Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:
Տրանսպորտային համակարգի բարելավման աշխատանքները շարունակական են, և ապագայում նախատեսվում են ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնում՝ նպաստելով ավելի արդյունավետ և հարմարավետ հասարակական տրանսպորտի կազմակերպմանը»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը