24 07 2024

Կիրանցեցիներին պարտադրված գույքից հրաժարվելու դիմումների ձևերը հաստատվել են կառավարության գաղտնի որոշմամբ. «Փաստինֆո»

Կիրանցեցիներին պարտադրված գույքից հրաժարվելու դիմումների ձևերը հաստատվել են կառավարության գաղտնի որոշմամբ. «Փաստինֆո»

Գույքից հրաժարվելու մասին կիրանցեցիներին բաժանված դիմումների ձևերը հաստատվել են ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ միաժամանակ արձանագրելով, որ գերակա շահ ճանաչելու որոշում չի կայացվել։

«Փաստինֆոն» հուլիսի 1-ին հարցում էր ուղարկել կառավարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել՝ Կիրանցում տեղի ունեցող գործընթացների շուրջ մի շարք խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Հարցմանը՝ օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետում պատասխան չտրամադրելով՝ նշել էին, որ անհրաժեշտ է 30-օրյա ժամկետ։ Օրենքով դա նախատեսված է լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու համար, և 25 օր անց ուղարկված գրությամբ հայտնել են, թե բարձրացված հարցերը հիմնականում կանոնակարգվում են կառավարության գաղտնի որոշմամբ։ Ավելին՝ պարզվում է՝ գաղտնիք է նաև, թե կառավարության այդ գաղտնի որոշումը երբ է կայացվել։

Այսպես՝ առաջին հարցով ՀՀ կառավարությունից լրատվամիջոցն ակնկալել է տեղեկանալ, թե Կիրանց բնակավայրից որքան հողատարածք է գերակա շահ ճանաչվել, երբ։ Գերակա շահ ճանաչված հատվածից որքանն է հանդիսանում համայնքային սեփականություն, որքանը՝ մասնավոր սեփականություն։ Ի պատասխան՝ կառավարությունից շեշտել են՝ «Կիրանց բնակավայրում գերակա շահ ճանաչելու գործընթաց չի կազմակերպվել»։

Մեկ այլ հարցով խնդրել են հայտնել, թե Կիրանցի բնակիչներին սեփականության դիմաց առաջարկվող փոխհատուցումը ինչ ակտով է կանոնակարգվում։ Կա՞ն մշակված չափորոշիչներ, որոնց հիմա վրա որոշվելու են սահմանազատման արդյունքում մասնավոր սեփականությունից զրկված քաղաքացիներին տրամադրվող փոխհատուցման չափը, պայմանները։ Եթե այո, ապա երբ է հաստատվել և ում կողմից։

«Գործընթացը կարգավորվում է կառավարության որոշմամբ, որը գաղտնի է»,- կարճ հայտնել են կառավարությունից՝ ավելացնելով, որ գաղտնի է նաև այն, թե քանի անձի է տրամադրվելու փոխհատուցում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ