Մինչև տարեվերջ Ազգային ժողովի բակում ամառային սրճարանի տաղավար՝ բար է կառուցվելու։ Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 21-ին 11.5 մլն դրամ (մոտ 30 հազար դոլար) արժեքով պայմանագիր է կնքել «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի հետ, գրում է «Հետք»-ը:
Ընկերությունն ընտրվել է էլեկտրոնային աճուրդով, սահմանվել է 11,5 մլն մեկնարկային գին։ Աճուրդին մասնակցող ընկերություններից մեկը՝ «Գլոբալ Սուփորթ» ՍՊԸ-ն, մեկնարկային գնից 100, իսկ հաղթող ընկերությունից 500 դրամ ավելի է առաջարկել՝ 11 500 100 դրամ, իսկ մյուս մասնակիցը՝ «Ֆուտբոլային դարբնոց» ՍՊԸ-ն, ամառային սրճարանի կառուցումը գնահատել է 660 մլն դրամ։ Արդյունքում ընտրվել է «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ն, պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 11 499 600 դրամ։
Ըստ կցված հատակագծի՝ տաղավարը 5,2 մետր երկարություն և 3,1 մետր լայնություն պիտի ունենա: Անհրաժեշտ տեխնիկան ձեռք բերելու համար առանձին մրցույթ է հայտարարվել։
Գնահատող հանձնաժողովի քարտուղար Ռուզաննա Հովհաննիսյանն էլ «Հետքի» հետ զրույցում նշել է, որ տաղավարի հարևանությամբ նաև սեղան-աթոռներ են տեղադրվելու, որոնց համար ևս առանձին մրցույթ է հայտարարվել։
Ազգային ժողովի բակում սրճարան կառուցելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ 2021-ի օգոստոսին էր խոսել։ Անդրադառնալով ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժի սահմանափակման հարցին՝ Սիմոնյանը նշել էր, որ նախատեսվում է հատուկ վայր պատրաստել ԱԺ ներքին բակում` սրճարանի տեսքով, որտեղ պատգամավորները կարող են թե՛ այլ անձանց ընդունել, թե՛ լրագրողների հետ շփումներ ունենալ:
Հաջորդ տարի՝ 2022-ի դեկտեմբերին «Հիպերնովա» ՍՊԸ-ի հետ շուրջ 4,7 մլն դրամի պայմանագիր է կնքվել, որով ընկերությունը պարտավորվել է 20 աշխատանքային օրում բակում սալիկապատման աշխատանքներ իրականացնել։ Հաջորդ տարվա սեպտեմբերին աշխատանքների 2-րդ փուլի մրցույթ է հայտարարվել։ Մասնակցել է նաև «Հիպերնովա» ՍՊԸ-ն, սակայն հաղթող է ճանաչվել մեկ այլ ընկերություն՝ «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, կնքվել է շուրջ 1,9 մլն դրամի պայմանագիր։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2022-ի մայիսին։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ հիմնադիր տնօրենը Կոլյա Ցուցուլյանն է՝ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի 21-ամյա որդին։
Ազգային ժողովի և «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիրը, սակայն, 2023-ի հոկտեմբերին ԱԺ աշխատակազմը միակողմանի լուծարել է․ ըստ տեխնիկական բնութագրի և օրացուցային գրաֆիկի՝ ընկերությունը 30 օրում պիտի ավարտեր աշխատանքները, բայց, ինչպես նշված է պայմանագիրը լուծարելու հայտարարության մեջ, հոկտեմբերի 24-ի դրությամբ աշխատանքները սկսված չեն եղել։
Ի վերջո, ԱԺ բակում սալիկապատման աշխատանքներն ավարտելու համար երրորդ մրցույթն է հայտարարվել, Մարիամ Պետրոսյան Խաչատուրի ԱՁ-ի հետ 2,3 մլն դրամի պայմանագիր է կնքվել։
Տաղավար-բարի ձեռքբերման մրցույթում հաղթած «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռոբերտ Գևորգյանից հետաքրքվեցինք՝ երբ կավարտվեն տաղավարի կառուցման աշխատանքները։ Գևորգյանը հստակ ժամանակահատված չի նշել, ասել է՝ պայմանագրում նշված դեկտեմբերի 25-ից շուտ պատրաստ կլինի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը