04 07 2024

Ինչո՞ւ է Գնել Սանոսյանի մտերիմ-համագյուղացին լքել յուղալի պաշտոնն ու նավը․ Yerkir.am

Ինչո՞ւ է Գնել Սանոսյանի մտերիմ-համագյուղացին լքել յուղալի պաշտոնն ու նավը․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ Լուր տարածվեց, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն ու նրա տեղակալ Սերժիկ Պետրոսյանը ազատվել են աշխատանքից։

Փաստենք, որ Գոռ Ավետիսյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը համագյուղացիներ են՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից, ընտանիքներով ունեն ջերմ հարաբերություններ, և, բնականաբար, Գոռ Ավետիսյանի կարիերայի աճին իր անմիջական նպաստն է բերել Գնել Սանոսյանը:

Գնել Սանոսյանի՝ Գեղարքունիքի մարզպետ եղած ժամանակ հենց վերջինիս ջանքերով են Գոռ Ավետիսյանն ու Գնել Սանոսյանի կինը՝ Ռուզաննան, աշխատանքի անցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ Սուրեն Պապիկյանի մոտ։

Այսպես, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո Գոռ Ավետիսյանը, որը նշված ՊՈԱԿ-ի տնօրենն էր մինչ 2019 թ., 2020 թ. մայիսից հայտնվում է ՏԿԵ նախարարությունում՝ իբրև «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, հետո՝ նախարարի խորհրդական, իսկ Գնել Սանոսյանի նախարարության օրոք՝ 2022 թ. փետրվարին, նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն:

Բնականաբար, Գոռ Ավետիսյանը մոտ հարաբերություններ ունի նաև Սուրեն Պապիկյանի հետ, առանց որի երաշխավորության նա չէր կարող նշանակվել այդչափ կարևոր հիմնադրամի տնօրենի պաշտոնին։

Տեսակետ կա, որ Գնել Սանոսյանի օրերը հաշված են, և Գոռ Ավետիսյանն արագ կողմնորոշվելով՝ լքել է նախարարի խորտակվող նավն ու փորձել իրեն ապահովագրել հնարավոր դատական գործընթացներին առնչվելու վտանգից: Լավատեղյակներն անգամ չեն բացառում, որ Գոռ Ավետիսյանն օրերս անհետանա երկրից, քանի որ բոլորը գիտեն, թե ինչպիսի յուղալի պաշտոնի է եղել նա, և ինչպիսի բացահայտումների մասին կարող է խոսք լինել: Տեղեկացանք նաև, որ այս օրերին ստուգումներ են իրականացվում Գնել Սանոսյանի նախարարությունում, և մութ ամպեր են կուտակվել նաև նախարարի վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ