Yerkir.am-ը գրում է․ ՀՀ-ում ահռելի է կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների թիվը: Դրանք իրենց զանազան ձևերով ու բովանդակությամբ հանդիպում են ամենուր, իսկ մարզերում պատկերն ուղղակի աղետալի է:
Ավելի պարզ բացատրենք խնդիրը տարածված օրինակներից մեկով. քաղաքացին ունի հողատարածք, որը ժառանգել է, գնել կամ ստացել այն ԽՍՀՄ փլուզումից հետո՝ նախկին կոլտնտեսությունների կամ սովետական տնտեսությունների (կոլխոզներ և սովխոզներ) վերացման ու վերջիններիս հողատարածքները սեփականության իրավունքով բնակիչներին հատկացնելու արդյունքում: Տարիների ընթացքում մարդիկ սեփականության իրավունքով, այդ մասին հավաստող օրինական վկայականներով հողատարածքները մշակել են, այգիներ տնկել, հաստաբուն ծառեր աճեցրել, տներ, շինություններ կառուցել, և այլն: Բայց հենց սեփականատերը ցանկանում է վաճառել այն, կամ ինչ-ինչ հանգամանքներում անհրաժեշտություն է առաջանում կատարել գեոդեզիական աշխատանքներ, բացահայտվում է իսկական անակնկալը: Գեոդեզիստը սարքավորման մեջ մուտք է անում անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի տվյալները, և հողամասի սահմանակետերի նշահարման ժամանակ սեփականատերը պարզում է, որ, օրինակ, իր հողամասի կեսը մտնում է հարևանի այգու մեջ, իսկ մի անկյունով էլ խրվում մյուս հարևանի շինության տակ: Պատահում են ավելի ցցուն դեպքեր, երբ մարդու հողատարածքը իրականում (ըստ գեոդեզիական նշահարումների) գտնվում է 100-200 մետր հեռու, և հանկարծ պարզվում է, որ ինքը տարիներով մշակել է բոլորովին անծանոթ մեկին պատկանող այգին կամ հողատարածքը: Արդյունքում սկսվում է մղձավանջը, որը որոշ դեպքերում զուգորդվում է քաղաքացիների միջև խորացող անախորժություններով, և անգամ եղել են միմյանց վիրավորելու, ֆիզիկական բռնության դեպքեր:
2021 թ. ընդունվել և գործում է «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Նույն թվականի սեպտեմբերին ՀՀ կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ նշված որոշման մեջ ընդունված փոփոխություններով ու լրացումներով՝ ՀՀ տարածքում կադաստրային քարտեզների ուղղումը կկատարվի մեկ միասնական կարգով, որը հնարավորություն կստեղծի ապահովել կադաստրային քարտեզների ճշգրտությունը։ Կադաստրի կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ կադաստրային քարտեզներում անշարժ գույքի միավորներին վերաբերող սխալները կարող են առաջացած լինել
2022 թ. հուլիսին Կադաստրի կոմիտեն ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման հիման վրա հրապարակում է ուղեցույն այն մասին, թե ի՞նչ է անհրաժեշտ կադաստրային քարտեզում ուղղում կատարելու համար:
Փաստենք, որ Կադաստրի կոմիտեն 2019 թ. դեկտեմբերի 5-ից ղեկավարում է Սուրեն Թովմասյանը, որը, կարելի է ասել, Փաշինյանի իշխանության՝ գուլպայի նման արագ փոփոխվող պաշտոյաների շարքում ամենաերկարակյացներից է: Բայց ինչպես տեսնում ենք, երկարակյացությունը ևս չի դրդել այս պաշտոնյային, որպեսզի նա ամենացավոտ, մարդկանց նյարդայնացնող, կյանքը բարդացնող, շատ դեպքերում ամենևին ոչ քաղաքացիների մեղքով առաջացած այս խնդրին վերջնական լուծում գտնի: Կարելի էր օրինակ, ոչ թե նշված ուղեցույցներով խնդրի լուծման հոգսը բարդել քաղաքացու վրա, վերջինիս գցել դռնեդուռ, ահռելի ծախսեր կատարել փաստաթղթերի փոփոխման կամ վերաձևակերպումների, գեոդեզիական յուրաքանչյուր միջամտության, նշահարմումների և այլնի վրա, այլ այդ հոգսն իր վրա վերցներ պետությունը, իրականացներ հատուկ ռեֆորմ և մարզ առ մարզ, բնակավայր առ բնակավայր անցնելով, սեփականատերերի հետ քննարկումներով վերջնականապես ուղղեր կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալները:
Չէ՞ որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, և Փաշինյանի իշխանությունն էլ իրեն ի սկզբանե հայտարարել է քաղաքացու ծառա: Այդ դեպքում (ինչպես բոլոր դեպքերում) ինչու՞ է քաղաքացին մնացել անտեր, իսկ Փաշինյանի իշխանության չինովնիկները, ովքեր մինչ այդ սոված էին, այժմ տռզում են օրեցօր, քշում գերթանկարժեք մեքենաներ, գնում շքեղ տներ, միլիոնավոր դրամներ վատնում ձևական գործուղումների վրա, և այլն, և այլն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը