22 03 2024

Սամսոնյանին նման ձևով ձերբակալելը նրա խոսքի ազատությունը սահմանափակելու համար է․ Արման Թաթոյան

Սամսոնյանին նման ձևով ձերբակալելը նրա խոսքի ազատությունը սահմանափակելու համար է․ Արման Թաթոյան

«Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու կադրերից ակնհայտ է, որ նրա նկատմամբ կիրառվել է օրենքը խախտող ակնհայտ անհամաչափ ուժ»,-նման համոզման է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա ընդգծում է՝ այս համոզմունքն ամրապնդվում է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ քննարկումից հետո այն մասին, որ ձերբակալումը տեղի է ունեցել նրա բնակության վայրի մոտ` գտնվող ավտոկայանատեղի գնալիս:

«Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նաև տեղեկացրեց, որ Նարեկ Սամսոնյանին թույլ չի տրվել օգտվել զանգի իրավունքից: Փաստաբանն ինքն է փնտրել ու գտել նրա գտնվելու վայրը:
Բացի դրանից, ըստ Նարեկ Սամսոնյանի փաստաբանի` ինքը չի մասնակցել վարույթային գործողության, այն է՝ Նարեկ Սամսոնյանի անձնական խուզարկությանը մասնակցելու հնարավորություն չի ունեցել:

Այս պայմաններում դիմակավորված ոստիկանների առկայությունը նույնպես անթույլատրելի է, քանի որ նման ակնհայտ անհամաչափ ուժի գործադրմամբ ձերբակալելու պայմաններում դա վատ վերաբերմունքի ռիսկը դարձնում է իրական, առավել ևս, որ դիմակավորված ոստիկանների առկայությունը տվյալ դեպքում կապված չէ, օրինակ, ոստիկանների կյանքը պաշտպանելու կամ նրանց անվտանգությունը երաշխավորելու հետ: Ըստ փաստաբանի` Նարեկ Սամսոնյանին նման ձևով ձերբակալելը հենց նրա խոսքի ազատությունը, նրա կողմից հեռարձոկվող հաղորդումը սահմանափակելու համար:

Նշվածները միջազգայնորեն երաշխավորված կարևորագույն այնպիսի իրավունքներ են, որոնք կոչված են ապահովելու մարդու պաշտպանությունը վատ վերաբերմունքից կամ անօրինական հետապնդումից քրեական վարույթի սկզբնական` իրավունքների տեսանկյունից մեծ ռիսկային փուլում»,-նշում է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ