Մարտի 19-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների մարմինները Եղեգնաձորի դիահերձարան տեղափոխելիս Սյունիքի մարզի Սիսիանի վարչական տարածքում շտապօգնության ավտոմեքենան ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Շտապօգնության ավտոմեքենան ձորը չի ընկել, քանի որ այն բախվել է երկաթե արգելապատնեշներին։
Որոշ ժամանակ անց վարորդին օգնության են հասել նրա գործընկերն ու մեկ այլ քաղաքացի, ավտոմեքենան ուղղել են ու այն դիերը տեղափոխել է դիահերձարան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 19-ին ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում, Սիսիանի վարչական տարածքում բախվել էին «06» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «06»-ում հրդեհ էր բռնկվել, իսկ «Opel»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Հրշեջ-փրկարարները մարել էին ավտոմեքենայում առաջացած կրակը, որտեղ հայտնաբերել էին մոխրացած 4 դի։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ «06»-ի վարորդը աշխատում էր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ջերմուկի բաժնում՝ հերթապահ մասի հերթապահի օգնական, մահացածները նրա կինն էր, անչափահաս երեխան և ազգականները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը