Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հուշարձանները: Այս քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով, որի նպատակն է բռնազավթված Արցախում ամբողջովին ոչնչացնել հայկական հետքը: Այս մասին գրում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ու ահազանգում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում մշակութային ցեղասպանության հերթական դեպքի մասին։
Նա հայտնում է, որ 2023 թվականի դեկդեմբերի 24-ին ադրբեջանական յութուբյան ալիքը հրապարակել էր տեսանյութ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունից ու վերլուծությունից ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել բարերար, ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը:
«Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն»: Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն»,- միջազգային օրենքները հիշեցրել է Ավանեսովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը