07 02 2024

ՊՆ-ն զոհվածների տվյալների հետ չի աշխատում․ Փաշինյան



44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անուն-ազգանունները ինչո՞ւ Պաշտպանության նախարարության կայքում չեն հրապարակվում։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղից սկսեց արձագանքել Նազարյանին, եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց, որ Փաշինյանն ԱԺ ամբիոնից պատասխանի այդ հարցին։

«Ինչո՞ւ «Զինապահ» հիմնադրամը, եւ ոչ Պաշտպանության նախարարությունը, դուք գիտեք, որ պատերազմի ընթացքում եւ հետագայում եղել են դեպքեր, երբ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների տվյալներ, հետո դրանք սխալ են դուրս եկել, պարզվել է, որ կենդանի զինվորների անուններ են հրապարակվել։ Հիմա միակ տեղը, որտեղ անուն ազգանունը եւ զոհված լինելու փաստը վերիֆիկացիայի է ենթարկվում՝ դա «Զինապահ» հիմնադրամն է։ «Զինապահ» հիմնադրամն ունի հոգաբարձուների խորհուրդ, բայց եթե դուք հարցը բարձրացնում եք նրա մասին, որ այդ կարգով չի հրապարակվել «Զինապահ» հիմնադրամի կայքում, դա կայքի թվային կարգավորումներ փոխելու հարց է։ Թող կայքում կարգավորում լինի, որ լինի 44-օրյա պատերազմի զոհվածներ, բերի ցուցակը։ Այդտեղ պատճառ չկա, միակ պատճառը, որ վերիֆիկացված մի քանի անգամ ստուգված տվյալ ունի, ապա ինքը պիտի հրապարակի, ճիշտ տեղը դա է»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։

Նազարյանն արձագանքեց, որ եթե թաքցնելու միտում չկա, ինչո՞ւմն է դժվարությունը, որ ՊՆ կայքում չի հրապարակվում․ «Դժվա՞ր է ՊՆ կայքում վերցնել «Զինապահ» հիմնադրամում եղած տվյալները, ավելացնել այն զոհվածները, որոնք չեն գնացել, որտեղ մարդը կամ ինչ-որ մի կազմակերպություն, որ ուզում է մի բան անել, ճշտի, հաստատ իմանա։  Անընդհատ ինձ ասում են՝ մեր երեխեքը արժանի չե՞ն, որ գրեն պետական ինչ-որ մարմնի էջում, որ էս տղերքը զոհվել են 44-օրյա պատերազմում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ