SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս տարվա օգոստոսի 12-ին Երևանում՝ Կոմիտասի պողոտայում, ժողովրդին հայտնի «Հարկայինի» դիմաց ողբերգական ավտովթարի փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ford Fusion-ի վարորդ Երևանի բնակիչ 37-ամյա Հրաչյա Մուշեղյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Ինչպես հայտնում է, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մուշեղյանը նախկինում աշխատել է իրավապահ համակարգում, այդ թվում՝ Հատուկ քննչական ծառայությունում, ապա ազատվել է ՀՔԾ-ից և զբաղվել փաստաբանական գործունեությամբ, ու ցավալին այն է, որ սույն պարոնը, ով քաջ ծանոթ եղել իրավապահ համակարգի նիստուկացին, գուցե վստահ լինելով իր կարողությունների վրա, խմած՝ ավտովթարի պատճառ է դարձել (ըստ տեղեկության՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որը պարզվելու է, ու դարձել է ողբերգական ավտովթարի հեղինակ):
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 12-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01․20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Հարկայինի դիմաց», ճակատ ճակատի բախվել էին 37-ամյա Հրաչյա Մուշեղյանի վարած Ford Fusion մակնիշի և 54-ամյա Անդրանիկ Առաքելյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Volkswagen Golf-ի վարորդը տեղում մահացել էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը